Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովն ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ: Այս փաստը Երևանում ընդունեցին մեծ ուրախությամբ և որպես հաղթանակ:
Առավոտից հազարավոր մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում և ուղիղ եթերով հետևում էին Ազգային ժողովում ծավալվող իրադարձություններին: Ամենուր տոնական տրամադրությունն էր իշխում: Հրապարակում էր Հայ ժողովուրդը` զինվորականից մինչև հավաքարար, պետական պաշտոնյայից մինչև հասարակ աշխատող, մանուկ թե ծեր, բոլորը վանկարկում էին` Նիկոլ:
Մեկ ու կես տարեկան Արմենը բառերը հստակ չի կարողանում արտաբերել, բայց այս օրերին այնքան է լսել Նիկոլ, որ ինքն էլ է գոռում` Կոլ, Կոլ, Կոլ:
Մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելը հրապարակում համերգ տվեց «Որդան կարմիր» խումբը:
«Որդան կարմիր» խումբը երկու անգամ կատարեց «Քայլ արա» երգը, որի ընթացքում նկարահանվեց երգի տեսահոլովակը:
Ժողովուրդը ցնծությամբ ընդունեց վարչապետին: Մարդիկ ողջագուրվում էին, շնորհավորում ում տեսնում էին:
Հնչեց Հայաստանի օրհներգը: Փողոցներում, շենքերի բակերում, սրճարաններում մարդիկ քեֆ են անում ու լիաթոք ուրախանում:
Երևանի սրճարաններից մեկում հայտնված «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին մարդիկ որպես հերոսի դիմավորեցին, բոլորը շտապում էին ավանդական սելֆին անել ու շնորհավորել:
Հրապարակից մինչև Օպերա բարձրանալն անհնարին էր, մեզնից գրեթե մեկ ժամ պահանջվեց այնտեղ հասնելու համար:
Երբ անվասալյակով Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը մոտեցավ հարթակին Վարչապետ Փաշինյանը ծնկի իջավ և ողջագուրվեց նրան, այս իրողությունն առաավել տպավորիչ էր:
Մինչև հիմա էլ ավտոմեքենաների ազդանշանները չեն դադարում, քաղաքի սրճարաններում նստելու տեղ չկա, երթևեկությունը կարելի է ասել աննորմալ վիճակում է, որտեղ բոլորը հետիոտնից մինչև վարորդ հանդուրժող են ու ուրախ:
Աղունիկ Այվազյան