ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ամփոփել է կառավարության գործունեության 100 օրը:
Ենք տնտեսական Թեւակոխել հաղթանակների շրջան
Հետհեղափոխական առաջին ամսում, հունիսին, գրանցվել է 9,6% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8,9% է, ուստի, կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճել.
Իմ, վարչապետ ընտրվելուց հետո ամենակարեւոր արդյունքը, Հայաստան ավելի շատ գալիս են, քան հեռանում են:
Սա կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին եւ շատ կարեւոր փուլ:
Այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնել է. Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածների թիվը գերազանցել է շուրջ 6000-ով:
Վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 000-վ ավելի օտարերկրացի: Սա, ըստ էության, նշանակում է ներդրումային եւ զբոսաշրջության հետաքրքրության աճ:
Երեւանում եւ ՀՀ բազմաթիվ այլ քաղաքներում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20% -ով: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլեւ բնակարաններ են գնում:
Այսօր պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտ 116 մլրդ-ով ավելի շատ գումար, իսկ ՀՀ բանկերում ավանդներն ավելացել են 116 մլրդ դրամով, մոտ 250 մլն դոլարով:
Վերջին երեք ամսում ՀՀ բանկերի վարկային պորտֆելն աճել է 99 մլրդ դրամով:
Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ եւ բանջարեղեն, որքան նախորդ ամբողջ տարին, միասին վերցրած:
Վերջին երեք ամսվա ընթացքում հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրել են 28,8 մլրդ դրամով ավելի գումար, ընդ որում, գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով:
Ընդհանուր առմամբ, այս թվերը մի բան են նշանակում, որ Հայաստանում թեւակոխել ենք տնտեսական հաղթանակների ժամանակաշրջան:
Տնտեսական հավասար հնարավորություններ
Տնտեսական համակարգում լրջագույն հաջողություններ ենք ունենալու:
Այն մոդելը, որ ունենք, ցանկանում ենք փոխել:
Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միեւնույն հնարավորությունները եւ ազատությունները:
Ազատ են բիզնես անել:
Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ այդ հնարավորությունը կիրառելի լինի:
Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է
Մեր կառավարության 100-օրյա գործունեության ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:
Մենք հերթով բացահայտում ենք Հայաստանի բոլոր թալանչիներին, եւ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարեւորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ գումարները պետական բյուջե վերադարձնելը:
Այսօր ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին, որ բազմաթիվ դատավորներ հենց իրենք եղել են այդ համակարգի մաս եւ այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ: Սա շատ նուրբ թեմա է եւ մենք չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու գայթակղությանը, եւ ես հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից:
Քաղաքացիական պատերազմի մասին
Կան մարդիկ, որ խոսում են, թե Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել: Եթե որեւէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց, իրենով Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվելու: Ես Լեռնային Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել: Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետությունը, իսկ ես բանակցում եմ ՀՀ-ի անունից: Բայց մենք նաեւ պատերազմ չենք ուզում, մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, բայց նա, ով փորձում է ինձ վրա որեւէ կասկած գցել, չի հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ոչ թե կառավարությունն է, այլ ժողովուրդը: Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ, եւ դուք կորոշեք, գնում ենք, թե չենք գնում:
Ծիծաղելի է այն գնահատականը, թե հայ-ռուսական հարաբերություները վատ մակարդակի վրա են: Ես երկու անգամ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ երեք անգամ, հեռախոսազրույց: Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլեւ գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռեւերենսներ չեն լինելու, եւ նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն:
Շուտով կտեղեկացնենք հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել եւ լինելու է կոնկրետ ապացույցը, որ գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Մարտի 1-ի գործը բացահայտված է
Ըստ էության, կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է: Բացառում եմ, որ որեւէ մեկը կխուսափի Մարտի 1-ի տասը քաղաքացիներին սպանելու եւ ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից:
Սահմանադրական փոփոխություններ կկատարվեն
Հայաստանում մինչեւ մայիս պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ներկայիս սահմանադրական հնարավորություններով ես, որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ եւ խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հիմա նրանք մտածում են, թողենք, հրաժարական տան, հետո արագ, թաքուն կընտրենք նոր վարչապետ: Բայց քանի որ չեն հասկանում, ինչ է կատարվում Հայաստանում, մենք կնախաձեռնենք Սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:
Նյութը արտատպված է` mediamax-ից