Այսօր, փետրվարի 21-ին Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Լևան Իզորիան Երևանում ստորագրել են 2019 թվականի համագործակցության ծրագիրը:

Հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպությունների շրջանակում պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Ժողովուրդների միջև հազարամյա բարեկամությունը, պաշտպանական, տնտեսական, մշակութային ոլորտներում սերտ կապերը կարևոր նշանակություն ունեն և անհրաժեշտ է շարունակել դրանց խորացումը:

Կողմերը ստորագրել են 2019 թվականի համագործակցության ծրագիրը: Նման ծրագիր է ստորագրվում 2010 թվականից, ներկայիս ծրագիրը ներառում է զինվորական կրթության, ռազմական բժշկության, սերժանտական կազմի պատրաստության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների բազմաթիվ միջոցառումներ: Ավարտին նախարարը շեշտեց, որ կողմերը փոխադարձաբար հարգում եւ հավատում են ապագայում խաղաղ եւ անվտանգ Կովկասի գաղափարին:

Լևան Իզորիան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ կարևորում է այցը մի երկիր, որի հետ Վրաստանն այդքան սերտ հարաբերություններ ունի: Տեղի է ունեցել հարցերի արդյունավետ քննարկում, որոնք վերաբերում են գերատեսչությունների միջեւ հարաբերությունների խորացմանը:

«Ցանկանում եմ նշել համագործակցության այնպիսի նոր ուղղության մասին, ինչպիսին կարգապահության ամրապնդումն է: Վրացական կողմը պատրաստ է սրա շրջանակում հայ գործընկերներին փոխանցել իր առաջավոր փորձը»,- նշել է վրացի նախարարը:

Նա նաև հիշեցրել է, որ վրացի զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին և ողջունեց հայ զինվորականների մասնակցությունը Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում անցկացվող զորավարժություններին: