Ախալքալաքում այս տարի կիրականացվի 8290 քառ.մ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:
Քաղաքի փողոցների փոսային նորոգումը ֆինանսավորվում է տեղական բյուջեից, և դրա համար հատկացվել է 300 000 լարի:
Տենդեր մրցույթը հաղթել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Ներկա պահին Ախալքալաքի կենտրոնական փողոցներում կատարվում է վնասված հատվածների կտրման, մաքրման և նախապատրաստական աշխատանքներ:
Գարնանը նախատեսվում է ասֆալտապատել 5727 քառ.մ ճանապարհ կամ փռել 760 տոննա ասֆալտ, իսկ աշնանը՝ 2564,1 քառ.մ կամ 300 տոննա ասֆալտ:
Նախագծում կոնկրետ փողոցներ նշված չեն:
Քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժնի ճանապարհների հարցով մասնագետ Ռազմիկ Նահատակյանի խոսքերով, աշխատանքը սկսել են կենտրոնական փողոցներից, այնուհետև կտեղափոխվեն դեպի ծայրամասային փողոցներ: Վերանորոգումը կկատարեն պայմանագրով նախատեսված գումարի չափով:
«Մենք չափում ենք ճանապարհների ասֆալտապատ հատվածները, քանի քառ.մ է, հետո ըստ դրա փոխանցում ենք գումարը», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:
«Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենի տեղակալ Ջաբա Ձիրկվաձեի խոսքերով, փոսային աշխատանքները սկսվել են ապրիլի 28-ից: Վերանորոգման վայրերը ընտրվում են ինչպես ընկերության կողմից, այնպես էլ ղեկավարվում են պատվիրատուի հրահանգներով, թեև կոնկրետ փողոցները նախապես չեն նշված:
«Մենք դեռ շարունակում ենք պատրաստել ասֆալտապատման հիմքը, և եթե եղանակը թույլ տա, ապա մենք չենք ձգձգի ասֆալտապատումը», – ասում է Ջաբա Ձիրկվաձեն:
Ներկա պահին վերանորոգման համար փոսերը բաց են և շատ են խանգարում քաղաքի երթևեկությանը:
Շուշան Շիրինյան