Կարծախ գյուղի բնակիչները եկամուտ ստանալու համար Խոզապինի լճում խեցգետին են բռնում: Լիճը գտնվում է Ջավախքի Ազգային զբոսայգու տարածքում: Այստեղ ձկնորսությունը համարվում է որսագողություն և պատժվում է Վրաստանի քրեական օրենսգրքով:

Ջավախքի Ազգային զբոսայգու տարածքը մի կողմից սահմանակից է Հայաստանի հետ, մյուս կողմից` Թուրքիայի: Կարծախի ճահճի արգելոցը մտնում է Ազգային զբոսայգու պահպանվող տարածքի մեջ: Կարծախի լիճը բաժանված է երկու մասի, մի կեսը գտնվում է Վրաստանում, իսկ երկրորդ կեսը՝ Թուրքիայում: Վրաստանում այն կոչվում է Խոզապինի լիճ, իսկ Թուրքիայում` Ակտաշ:

Կարծախի բնակիչները համաձայն չեն նրան, որ իրենց չի թույլատրվում օգտվել բնական պաշարներից: Հունիսի 3-ին 2 տեղացի բնակիչ ձերբակալվել է որսագողության համար:

«Մինչ ազգային զբոսայգու բացելը մեզ սարեր էին խոստանում: Մենք իբր թե կարող էինք օգտվել լճից, սակայն, արդյունքում ոչինչ չենք կարող անել: Մենք չենք կարող օգտվել լճից, քանի որ մեր դեմ են հրահրել սահմանապահներին: Սահմանապահները բռնում են մեզ և ոստիկանություն են կանչում: Փաստն այն է, որ խեցգետին բռնել կարելի է միայն խեցգետին բռնելու սարքով, ոչ ցանցով և ոչ էլ ձկնորսական կարթով: Այս լիճը պատկանում է մեր գյուղին: Երբ առաջանում են խնդիրներ, ոչ ոք մեզնով չի հետաքրքրվում: Իսկ Կարծախի բնական հարստությունը բոլորն ուզում են իրենց ձեռքը վերցնել: Չէ որ, այդպես անհնար է: Մենք ոչինչ չունենք, ոչ մի աշխատանք, բնությունն է մեր ապրուստի միակ միջոցը», – ասում է Կարծախի բնակիչներից մեկը:

xozapin 5

Կարծախի բնակիչների խոսքերով, վերջին երկու տարիների ընթացքում որսագողության մեղադրանքով 7 հոգի ձերբակալվել է:

«Մոտ 50-100 կգ էին բռնել: Իրականում բռնում են 2 մարդ, բայց բաժանում են 20-ի մեջ: Մեկ մարդուն հասնում է 5 կգ: Մեկը վաճառում է, մյուսը՝ ինքն է ուտում: Մարդը 8000 լարի պետք է վճարի 108 կգ-ի համար: Մեկ կգ հաշվել են 70 լարի: Եվրոպական գներով են հաշվել: Իսկ խեցգետնի մեկ կիլոգրամի արժեքը 17-18 լարի է, ոչ ավելին: Երբ 700 կգ էին բռնել, եղել է այդպիսի դեպք, դա 60 հոգու համար էր, բայց մի մարդ իր վրա վերցրեց, որ բոլորը չվճարեին այդքան տուգանք, որպեսզի մենք կարողանայինք օգնել և դուրս բերել նրան», – ասում է Կարծախի մեկ այլ բնակիչ:

xozapin 4

Վնասի փոխհատուցման ամենամեծ գումարը կազմել է 50 000 լարի, իսկ ամենափոքրը՝ 2000 լարի: Ինչպես ասում են գյուղացիները, մինչ վերջերս լճից կարող էին օգտվել, իսկ մեկ տարի է որսագողության համար բռնված բոլոր գյուղացիներին կալանավորում են և տուգանում մեծ գումարներ:

«Ես գիտեմ, որ բնակչությունը դեմ էր Ազգային զբոսայգուն, քանի որ նրանք ապրում են անասնապահության հաշվին: Ուստի ազգային զբոսայգին մեզ համար ձեռնտու չէր: Ես չգիտեմ գյուղի հին իշխանություններն ինչպես են պայմանավորվել, որ ոչինչ նորմալ չի արվել: Եվ հիմա մենք վճարում ենք թուրքական կողմի համար նույնպես: Քանի որ չկան սահմանափակումներ», – ասում է Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր Վարդան Պապոյանը:

xozapin3

Ջավախքի ազգային զբոսայգու գործադիր տնօրեն Թամազ Կարապետյանը պնդում է, որ ազգային պարկի ռեյնջերները ձերբակալությունների հետ կապ չունեն, թեև հասկանում է բնակիչների դժգոհությունը, բայց ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում:

«Սահմանային ոստիկանությունը որսագողերին բռնել է և հանձնել ոստիկանությանը: Այս տարածքում թույլատրվում է միայն սպորտային և սիրողական ձկնորսություն: Մենք աշխատում ենք նրա վրա, որ ինչ-որ որոշում գտնենք: Մենք բոլորս հասկանում ենք, որ աղքատ ընտանիք է, բայց երբ խախտում են օրենքը կարևոր չէ հարուստ է, թե աղքատ: Գյուղացիներն ասում են, որ թե խեցգետնինը, թե ձուկը նրանք են լիճ լցրել: Սա նույնպես խախտում է, սրա համար պատժում են: Ստեղծեք ձեր լճակը, ուզում եք խեցգետին աճեցրեք, ուզում եք՝ ձուկ: Ինձ հարցնում են, թե ինչ է անում Սևանի կապույտ խեցգետինն այստեղ Կարծախում: Իսկ ինչ կարող եմ անել: Կեսը Թուրքիայում է, կեսը Վրաստանում», – ասում է Թամազ Կարապետյանը:

Բնակիչների բոլոր բողոքներն Ազգային զբոսայգուն են ուղղված, բայց այստեղ ասում եմ, որ վնասը հաշվարկվում է Ներքին գործերի նախարարությունում ու իրավախախտները ձերբակալվում են այդ մարմնի կողմից:

Քրիստինե Մարաբյան