«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2018 թվականի մամուլի ազատության ինդեքսում Վրաստանը 2017թ.-ի համեմատ բարելավել է դիրքերը երեք կետով:
Ըստ այդ ցուցանիշի Վրաստանը 180 երկրների շարքում 61-րդ տեղում է: «Լրատվամիջոցները Վրաստանում բազմակարծիք են, սակայն դեռ շատ բևեռացված են: Վերջին տարիներին կատարված բարեփոխումները բարելավել են մեդիա սեփականատերերի թափանցիկությունը և արբանյակային հեռուստատեսության բազմակարծությունը, սակայն սեփականատերերը հաճախ միջամտում են խմբագրական քաղաքականությանը», – ասվում է զեկույցում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ ««Ռուսթավի 2» գլխավոր ընդդիմադիր ալիքի հետ կապված ներկայիս դատական գործընթացը մեծ ազդեցություն կունենա»:
«Լրագրողների հանդեպ բռնություն քիչ է նկատվում, բայց գրանցվում են սպառնալիքների դեպքեր: Վրաստանը միշտ էլ ապահովել է ապաստանով հարևան երկրներից ժամանած այլադավաններին/այլախոհներին: 2017 թ. Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումը մեծ արձագանք է առաջացրել… Այս գործի արդյունքում Վրաստանի Անվտանգության ծառայության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվեցին իրենց պաշտոններից, սակայն հետաքննությունը դեռևս չի ներկայացրել համոզիչ բացատրություններ, թե ինչ է տեղի ունեցել», – ասվում է զեկույցում: