Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը, COVID-անձնագրեր ստանալու համար կկարողանան դիմել Արդարադատության տան մասնաճյուղերին:

Այս մասին ուրբաթ օրը մեդիա-վեբինարի ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

«Կրկնակի պատվաստումից հետո յուրաքանչյուր մարդ կարող է բժշկական հաստատությունում պահանջել QR-կոդով փաստաթուղթ, որը հաստատում է կրկնակի պատվաստումը: Բոլոր հաստատությունները պարտավոր են տպել այս փաստաթուղթը քաղաքացու պահանջով: Բացի այդ, բանակցություններ են ընթանում Արդարադատության տների հետ, որպեսզի քաղաքացու դիմումից հետո այս փաստաթուղթը տպագրվի, եթե այն դեռ չի հանձնել այլ կոնկրետ հաստատություն», – հայտարարել է Գամկղրելիձեն:

NCDC-ի ղեկավարը մեկնաբանել է նաև այն տեղեկատվությունը, որ Վրաստանում տրված թվային սերտիֆիկատները (QR-կոդեր) եվրոպական որոշ երկրներում չեն ճանաչվում: Facebook սոցիալական ցանցի վրացական հատվածի օգտատերերը շատ են գրում տվյալ խնդիրների մասին: Գամկղրելիձեն չի հերքում նման դեպքերը՝ ընդգծելով, որ դրանք միանգամյա են և մասսայական չեն: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ բոլոր քաղաքացիները ճանապարհորդելուց առաջ կարող են ինքնուրույն ստուգել իրենց QR-կոդը:

COVID-19-ի դեմ պատվաստումը Վրաստանում սկսվել է մարտի 15-ից: Առնվազն մեկ դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած քաղաքացիների թիվը հուլիսի 9-ին հասել է 289 399-ի, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 7,8%-ը:

Նյութը՝ «Новости Грузия»-ից