«Մարտի 1-ից գործարկվելու է զբաղվածության ակտիվ քաղաքականություն՝ ուղղված սոցիալական նպաստ ստացող աշխատունակ բնակչությանը: Սա հասարակական աշխատանքներում զբաղվածության լայնածավալ ծրագիր է»,- կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, հասարակական աշխատանքներում սոցիալական օգնության դադարեցում չի նախատեսվում: Ղարիբաշվիլիի խոսքով՝ շահառուի ընտանիքը սոցիալական նպաստը կստանա չորս տարվա ընթացքում։
Ըստ Ղարիբաշվիլիի՝ 600 հազար սոցիալապես անպաշտպան քաղաքացիներից 200 հազար աշխատունակ քաղաքացիները հակված չեն օրինական աշխատանք գտնել։
«Իհարկե, մենք պետք է օգնենք սոցիալապես անապահով տարեց քաղաքացիներին, երեխաներին, սահմանափակ կարողություններ ունեցողներին, բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, բայց աշխատունակներին հարկավոր է ոչ թե նպաստ, այլ զբաղվածություն, ինքնիրացում։ Յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցության, երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի աշխատունակ քաղաքացիները ներգրավվեն տնտեսական գործընթացներում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ինչպես պարզաբանել է վարչապետը, թիրախային խմբերի համար կստեղծվեն հասարակական աշխատատեղեր, որոնք կնախատեսեն աշխատանք, որը կարող է կատարել յուրաքանչյուրը։
Ծրագրից կկարողանան օգտվել աշխատունակ մարդիկ, ովքեր սոցիալական նպաստ են ստանում՝ սկսած 18 տարեկանից մինչև կենսաթոշակային տարիքը, ովքեր չունեն սահմանափակ կարողության տեր անձի կարգավիճակ կամ չունեն առողջական լուրջ խնդիրներ։ Մեր կանխատեսմամբ՝ ավելի քան 200 հազար մարդ աշխատանքի կանցնի։ Ուզում եմ ընդգծել, որ հասարակական աշխատանքները չեն հանգեցնի սոցիալական օգնության դադարեցմանը։ Շահառու ընտանիքն նպաստը կստանա չորս տարվա ընթացքում։ Ծրագրին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացու կվճարվի հավելյալ 300 լարի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: