Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Հասարակության առողջապահության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը կառավարությանը հնարավորություն է տալիս միանձնյա ներդնել սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են արտակարգ դրությունը չեղարկելուց հետո կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Նախաձեռնությունն ընդունվել է 81 կողմ ձայներով: Օրինագծին դեմ ոչ մի քվե չի եղել: Քվեարկությանը չէին մասնակցում Վրաստանի երկու խոշորագույն կուսակցությունների ընդդիմադիր խմբակցությունները՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը»:
Փոփոխությունները դիտարկվել են արագացված ռեժիմով: Կառավարությունը որոշել էր օրենսդրական շրջանակներ ստեղծել մինչ արտակարգ դրության ավարտը, այսինքն՝ մինչև մայիսի 23-ը:
Նախաձեռնության դրույթները ժամանակավոր են: Դրանք ուժի մեջ կլինեն մինչև հուլիսի 15-ը ներառյալ:
Դրանց ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը կկարողանա ժամանակավորապես սահմանափակումներ սահմանել և կանոնակարգել պետական գերատեսչությունների գործունեությունը` համաձայն գործող օրենսդրությունից տարբերվող կանոնների:
Բացի այդ, իշխանությունները իրավունք են վերապահում սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, ինչպես նաև արգելել սոցիալական միջոցառումների անցկացումը:
Օրինագծում նշվում է, որ կառավարությունը կարող է սահմանափակումներ կիրառել միայն այն դեպքում, եթե դրանք լինեն համամասնական, հասարակության համար անհրաժեշտ և չկրեն խտրական բնույթ: Սահմանափակումները պետք է համապատասխանեն Վրաստանի սահմանադրությանը և բխեն օրենքից կամ նորմատիվ ակտից, և ոչ թե հակասեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին:
Իշխանությունները կարող են նաև մարդկանց տեղափոխել կարանտինային գոտի կամ մեկուսացնել: Բոլոր այն անձինք, որոնց դեմ կկիրառվեն այդպիսի միջոցառումներ, իրավունք ունեն փաստաբանի, հարազատներին և գործատուին տեղեկացնելու իրենց գտնվելու վայրի մասին, ինչպես նաև իմանալ այն պատճառները, թե ինչու են իրենց ուղարկում կարանտին:
Բացի այդ, օրենսդիրները նաև եզրափակիչ, երրորդ ընթերցմամբ փոփոխություններ են կատարել «Վրաստանի քրեական դատավարության օրենսգիրքում», համաձայն որի՝ համավարակի ընթացքում դատական նիստերը կարող են անցկացվել հեռակա կարգով:
Խորհրդարանական ողջ ընդդիմությունը դեմ էր այս փոփոխություններին: Իշխանության ընդդիմախոսներն անհանգստացած են, որ նախընտրական շրջանում «Վրացական երազանքի» կառավարությունն ընդլայնված իրավասությունները կփորձի օգտագործել իր շահերից ելնելով:
Ընդդիմության և քաղաքացիական հատվածի կողմից սուր քննադատության ֆոնին փոփոխություններ են կատարվել օրինագծի տեքստում: Այսպես օրինակ, միջոցառումների ժամանակավոր բնույթի վերաբերյալ դրույթ է հայտնվել: Բացի այդ, հստակ չափանիշներ են սահմանվել՝ կապված մարդու իրավունքները սահմանափակելու իրավասության օրինականացման առումով՝ կառավարության կամ նախարարության համար:
Փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար դրանք պետք է ստորագրվեն Վրաստանի նախագահի կողմից, և պետք է հրապարակվեն matsne.gov.ge կայքում:
Հաշվի առնելով համաճարակաբանական բարենպաստ իրավիճակը, Վրաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը, որը սահմանվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մի շարք ԱԴ ռեժիմի սահմանափակումներ, ներառյալ պարետային ժամը այլևս չեն գործում:
Մեղմացումները չեն տարածվում հասարակական տրանսպորտի և միջքաղաքային ուղևորափոխադրումների վրա, սահմանները կմնան փակ: Բացի այդ, մինչ այժմ սահմանափակ կլինեն տնտեսական գործունեության որոշ տեսակները, մշակութային և սպորտային միջոցառումները, զանգվածային հավաքույթները: