Առանց անձնագիր մնացած Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի 3 բնակիչ չեն կարող ոչ արտագնա աշխատանքի մեկնել, ոչ էլ Վրաստանում ազատ տեղաշարժվել: Մոդեգամ գյուղի բնակիչը ստացել է հայկական անձնագիրը, իսկ Վրաստանի քաղաքացիությունից նրան զրկել են:
Դեռ 2017 թվականի սեպտեմբերից Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղի մեկ և Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի երեք բնակչի անձնագրերը (հայկական և վրացական) ձեռքերից վերցրել էին Բակուրիանիի ճանապարհին։
Մի քանի օր առաջ Մոդեգամ գյուղի բնակիչ Մնացական Չախալյանի հայկական անձնագիրը վերադարձրին տարբեր ատյաններ դիմումներ ներկայացնելու արդյունքում։ Բայց նա զրկված է Վրաստանի քաղաքացիությունից, ըստ Սահմանադրության։
Վալոդյա Հակոբյանը Տաբածղուրի գյուղից երեխա է ունենալու և անհանգստացած է, որ գրանցման և ազգանուն տալու ժամանակ խնդիրներ կառաջանան։
Նա Բորժոմի գնալուց է եղել, երբ Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի պահակները վարորդական իրավունք են պահանջել: Վալոդյայի վարորդական իրավունքը հայկական է։ Պահանջել են նաև ցույց տալ անձնագիրը։
«Ասացին տվեք անձնագիրը, ասացինք մոտներս չէ, այդ պահին նայեց մեզ և ասաց, եթե 24 ժամվա ընթացքում չբերեք անձնագիրը, ապա կգանք ձեր տուն ստուգման, դա որ ասաց վախեցանք, գնացինք տուն, բերեցինք ու տվեցինք», – պատմեց Վալոդյայի մայրը։
Վալոդյաի մայրը շատ տեղեր է դիմել, սակայն՝ ապարդյուն։
«Որդիս ընտանիք ունի, պետք է գնա Ռուսաստան աշխատելու, որ կարողանա ընտանիքը պահել, սակայն ոչ վրացական, ոչ էլ հայկական անձնագրերը չեն տալիս», – ասում է նա։
Տաբածղուրի գյուղի մի այլ բնակիչ Օնիկ Սանդաձեի տանը ևս ստուգում են անցկացրել: Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի պահակները վերցրել են նրա վարորդական իրավունքը և վրացական անձնագիրը։ 500 լարի տուգանել են վարորդական իրավունքի սահման չանցնելու համար, քանի որ այն հայկական է։ Հարցրել են հայկական անձնագիր, Օնիկը ասել է, որ չունի: Մի քանի օր անց, գիշերը ժամը 21:00-ից 22:00-ն ընկած հատվածում Օնիկ Սանդաձեի տանը ստուգում են անցկացրել:
«Եկան ասացին, որ պետք է տունը ստուգեն, հայրս ասաց, որ թույլ չի տալիս, նրանք էլ ասացին, որ ուժով կմտնեն, ու քանի որ հայկական անձնագիր չունեմ և վախենալու բան չունեի, ասացի ստուգեք։ Այնքան ոստիկանի մեքենա կար մեր բակում, որ կանգնելու տեղ չկար», – ասաց Օնիկ Սանդաձեն։
Տունն ստուգելու ընթացքում թույլտվությունն ապացուցող փաստաթուղթ չեն ներկայացրել, այնուհետև մի քանի օրից ծանուցագիր են ուղարկել, որ ունեցել են դրա իրավունքը։
Տաբածղուրիի մյուս բնակիչը, ում ձեռքից վերցրել են և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի անձնագրերը Արսեն Խաչատրյանն է: Բակուրիանիում վերոնշյալ բաժնի աշխատակիցները նրանից անձնագիր են պահանջել, ապա եկել տնից վերցրել են երկու անձնագրերը, հիմնավորելով, որ նա մինչև Հայաստանի քաղաքացիություն ստանալը, պետք է հրաժարվեր Վրաստանի քաղաքացիությունից, եթե չի հրաժարվել, ապա նրա քաղաքացիությունը օրինական չէ։
Ինչևէ, Տաբածղուրիի այս 3 բնակիչներն անորոշ վիճակում են և չգիտեն այդ վիճակից ինչպես դուրս գալ:
Գայանե Ակոջյան