Forbes-ի միլիարդատերերի ցուցակում Վրաստանի ամենահարուստ քաղաքացին Kaspi ընկերության կառավարման մարմնի նախագահ Միխեիլ Լոմթաձեն է: Օգոստոսի 9-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 5,1 մլրդ դոլար: Սա, ըստ հրատարակության, աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում 596-րդ տեղն է:
Մինչև վերջերս Վրաստանի ամենահարուստ մարդը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին էր, ով 90-ականներին Ռուսաստանում իր կարողությունը վաստակել էր մետաղներից և բանկային գործերից: Այժմ Forbes-ը Իվանիշվիլիի կարողությունը գնահատում է 4,8 միլիարդ դոլար և վերջինս համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 632-րդ տեղը: Այնուամենայնիվ, Իվանիշվիլին Վրաստանի երկրորդ ամենահարուստ մարդն է: Պարբերականի տվյալներով՝ երկրում այլ դոլարային միլիարդատերեր չկան:
Ընթացիկ տարվա հունվարին Իվանիշվիլին լքել էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը և հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին: Նա իր ունեցվածքի մեծ մասը փոխանցել է իրեն պատկանող «Քարթու» բարեգործական հիմնադրամի հաշվին:
Ո՞վ է Միխեիլ Լոմթաձեն և ինչպե՞ս է նա հայտնվել Forbes-ի ցուցակում
Լոմթաձեն ծնվել է Բաթումիում՝ 1975 թվականին: Դեռ ուսանողական տարիներին նա Թբիլիսիում հիմնել է աուդիտորական և խորհրդատվական Georgia Consulting Group Audit ընկերությունը, որը 2002 թվականին դարձել է Ernst & Young համաշխարհային ցանցի մի մասը: 2004-2016 թվականներին եղել է Baring Vostok Capital Partners-ի գործընկեր, 2003-2005 թվականներին ղեկավարել է ռուսական վենչուրային ներդրումների ասոցիացիան, 2006-2010 թվականներին՝ Ֆինանսական տեխնոլոգիաների ռուսական կենտրոնի խորհրդի անդամ է եղել: 2007 թվականից Լոմթաձեն ապրում է Ղազախստանում:
Նա Ղազախստանի խոշորագույն ֆինտեխ֊ընկերության Kaspi-ի համահիմնադիրն է, որն իրեն դիրքավորում է որպես Super App՝ մեկ ծրագիր, որն առաջարկում է տասնյակ տարբեր գործառույթներ` վճարային համակարգ, բանկային ապրանքներ, մարկետփլեյս և այլն: Դրանից օգտվողների թիվը ամսական գերազանցում է 7 միլիոնը:
Ղազախստանի ազգային բանկի տվյալներով՝ Kaspi.kz վճարային հարթակի մասնաբաժինը Ղազախստանում անկանխիկ և թվային գործարքների ընդհանուր ծավալում 2020 թվականին հասել է 69%-ի, ինչը վկայում է դրա մեծ նշանակության մասին ամբողջ ֆինանսական համակարգի համար: Անցյալ տարվա հոկտեմբերին ընկերությունը Լոնդոնում անցկացրել էր IPO, որի ընթացքում հավաքել էր 870 մլն դոլար, իսկ կապիտալիզացիան կազմել էր 6,5 մլրդ դոլար: Այսօր Kaspi.kz-ի կապիտալիզացիան հասել է մինչև 13 միլիարդ դոլարի:
Ուկրաինական Portmone վճարային համակարգը վերջերս դարձել է Kaspi-ի մաս: