ԹՊՀ «Պայքար հանուն կրթության» ուսանողական շարժումը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ուսանողներին, դասախոսներին և բոլոր նրանց, ում համար կրթության համընդհանուրությունը, հավասարությունը և սոցիալական բարեկեցությունը անփոխարինելի արժեք են, միանալ իրական փոփոխությունների համար մղվող պայքարին:
Հունիսի 10-ին, ԹՊՀ ուսանողական շարժումը գրավել էր ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի աշխատասենյակը։ Նրանք պահանջում էին ռեկտորի հրաժարականը, սակայն մի քանի օր տևած քննարկումներից և հանդիպումներից հետո, ուսանողները լքել են ռեկտորատը:
«Պահանջում ենք՝ պետության կողմից հանրակացարանի կառուցում ուսանողների սոցիալապես անկայուն վիճակը քիչ թե շատ լուծելու համար։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք ռեկտորի ընտրության կանոնների փոփոխության անհրաժեշտություն, ինչը համեմատաբար կբարելավի բուհում ժողովրդավարության որակը, քանի որ ռեկտորը պետք է ընտրվի պրոֆեսորադասախոսական կազմի լիարժեք ներգրավմամբ և ոչ թե 38 հոգանոց գիտխորհրդի կողմից»,- ասվում է ԹՊՀ ուսանողական շարժման տարածված հայտարարության մեջ:
ԹՊՀ «Պայքար հանուն կրթության» ուսանողական շարժման բողոքի ակցիաները որոշակի առումով հասել են իրենց նպատակին:
«Մասամբ համակարգային թերություններով, բայց համալսարանում ներդրվեց հիբրիդային ուսուցում, ընդ որում հանրակացարանները ընթացիկ կիսամյակի համար դարձան անվճար նրանց համար, որոնք չեն կարող վճարել: Բացվել են նաև երկու մարզային քննական կենտրոններ։ Լիսիի հանրակացարանի երրորդ մասնաշենքը բացվեց ու քիչ թե շատ տեխնիկայով հագեցվեց: Բացի այդ, մեր բարձրացրած խնդիրների վերաբերյալ հանդիպումներ են տեղի ունեցել պետական գերատեսչության և համալսարանի հետ»:
«Պայքար հանուն կրթության» շարժումը տարածած հայտարարությունում ասվում է, որ բանակցությունները պետք է հնարավորինս շուտ ավարտվեն և համապատասխան քայլեր ձեռնարկվեն, հակառակ դեպքում իրենց բողոքը շաունակական կլինի:
«Կոչ ենք անում պետությանը ուսանողների համար մշակել սոցիալական քաղաքականություն, որը կբարելավի ուսանողական կյանքը երկրում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք լքում ենք ռեկտորի կաբինետը, սակայն սա ոչ թե բողոքի ալիքի ավարտն է, այլ նոր առաջադեմ դիմադրության սկիզբը»:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
ԹՊՀ ուսանողական շարժումը գրավել է ռեկտորատը
ԹՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը
Բողոքի ցույցերը ԹՊՀ-ում չեն դադարում
ԹՊՀ ուսանողներին թույլ չեն տվել քննությունները հանձնել հեռակա կարգով