Մուրջախեթ գյուղի հանրային դպրոցի շենքի առաստաղը կախվել է, առկա է փլուզման վտանգ:
Շինությունը վթարային է՝ տանիքը կախված, պատերը խոնավ, իսկ դասասենյակները ցուրտ: Ուսուցիչներն ու աշակերտները երկար տարիներ է` աշխատում ու սովորում են ծանր պայմաններում:
Գյուղի դպրոցից ստացած առաջին տպավորությունն այն էր, որ այն անտեսված կառույց է: Միայն բակում խաղացող երեխաներն են մատնում, որ այստեղ դպրոց է: Աշակերտները զգույշ հայացքներով, կամաց ասում են՝ «մեր դասարանում միշտ ցուրտ է»: Բանն այն է, որ տարվա բոլոր եղանակներին խոնավության պատճառով դպրոցում մշտապես ցուրտ է: Դասերից հետո պատուհանները բաց են թողնում, որպեսզի պատերը չորանան և մաքուր օդ ներս թափանցի:
30 աշակերտ ունեցող դպրոցում ոչ միայն խոնավ է ու ցուրտ, այլև առաստաղն է կախվել: «Դպրոցը շատ խնդիրներ ունի: Շատ հին շենք է, ուղղակի հին ծածկը փոխած չէ, տակից մենք ինչ-որ բան արել ենք, պլաստիկատով փակել ենք: Այսպես չի երևում, պետք է կտուր բարձրանաս, որ տեսնես, հասկանաս իրական պատկերն ինչպիսին է»,– Jnews-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վարդևան Մարգարյանը:
Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ գյուղի հանրային դպրոցը 1897 թվականի շինութուն է: Վարդևան Մարգարյանը համոզված է, եթե տանիքը փոխվի, ապա ջեռուցման և կոսմետիկ վերանորոգման հարցը հեշտությամբ հնարավոր է լուծել:
«Ընդհանուր վերանորոգման կարիք կա, խոնավությունը շատ է, հին շենք է: Բայց հիմնական և ամենակարևորը խնդիրը տանիքն է: Եթե տանիքը փոխվի, նորմալ սարքվի մնացած հարցերը արդեն կլուծվի»,- ասաց կրթական հաստատության տնօրենը:
Անմխիթար պայմաններում գտնվող դպրոցն ամեն օր ընդունում և ճանապարհում է 30 աշակերտի: Գործում է հայկական ու վրացական սեկտորներ:
Վրաստանի Կրթության և գիտության նախարարության դպրոցաշինության ծրագրով Ախալքալաքի շրջանի դպրոցներին հատկացվել է 200 000 լարի: Ըստ նախնական տվյալների առաջնային կվերանորոգվեն վթարային դպրոցները, այդ թվում Մուրջախեթ գյուղի հանրային դպրոցը: Սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է իրականացվելու և ինչքան գումար է հատկացվելու:
Jnews-ը հետևողական կներկայացնի դպրոցների վիճակն ու վերանորոգումների ընթացքը:
Աղունիկ Այվազյան