Մայիսի 24-ին Վրաստանի դպրոցներում ավարտվեցին ավարտական քննությունները: Շրջանավարտներն ամենավերջում հանձնեցին քիմիան: Ախալքալաքի շրջանում 133 շրջանավարտներից, տարբեր առարկաներից քննությունները չեն հանձնել 28 աշակերտ:

№1 հանրակրթական դպրոցը, որը հայտնի է որպես Հովհաննես Թումանյանի անվան դպրոց, ունի 24 շրջանավարտ: Նրանցից քննությունները չեն կարողացել հանձնել 12-ը: 4-ը չի կարողացել հանձնել վրացերենը, 4-ը՝ մաթեմատիկան, 1-ը` պատմությունը, իսկ քիմիայի քննությունը` 2-ը:

Չնայած դրան, №1 հանրակրթական դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը քննությունների արդյունքները վատ չի համարում:
« Քննություններ շատ օբյեկտիվ էին և խիստ: Չանցնողների թվում էին նաև անցյալ տարվա չհանձնած շրջանավարտները, ովքեր կրկին չանցան », – ասում է Ռուզաննա Թեփոյանը:

Այս տարի, թեստը անցնելուց հետո, էկրանին չէր գրվում գնահատականը, այլ պարզապես տեղեկացվում էր հանձնել է, թե ոչ: Ինչպես նաև գրվում էր` «Շնորհավորում են» կամ «Ցավակցում եմ» կախված արդյունքից: №1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը բացասական է վերաբերվում այդ «ցավակցում եմ» արտահայտությանը, որը հայտնվում է քննության վերջում:
«Սխալ արտահայտություն է, դրանից հետո շրջանավարտի մոտ կորում է ստիմուլը, բացի այդ, վատ է, որ գնահատականը չի գրվում: Շնորհավորում եմ գրվում է և 5,5 և 10 միավոր ստացողին », – ասում է Ռուզաննա Տեփոյանը:

№1 դպրոցում ոսկե մեդալակիր չունեն, միայն մեկ շրջանավարտ արծաթե մեդալի թեկնածու է:

Նինոն, ով №1 դպրոցում բոլոր քննությունների ժամանակ հետևել է նրանց ընթացքին, կարծում է, որ քննությունները ծանր և բարդ էին:
«Կարծում եմ, դժվար անցավ, քանի որ շատերը չկարողացան հանձնել», – ասում է նա:

№1 հանրակրթական դպրոցում քննություններ էին հանձնում նաև Մաջադիա գյուղի շրջանավարտները: Գյուղը ունի ընդամենը 5 շրջանավարտ: Նրանցից երկուսը չկարողացան հաղթահարել թեստերը: Մեկը երկու առարկաներից, մյուսը՝ երեք:

Ռուսական №2 հանրակրթական դպրոցը ունի 44 շրջանավարտ: 13 շրջանավարտ չի կարողացել հանձնել քննությունները, որոնցից մեկը անցյալ տարվա շրջանավարտ է: 9 հոգի կտրվել է վրացերենից, իսկ երեքը՝ մաթեմատիկայից:

2 շրջանավարտը, ովքեր կտրվել էին քննություններից, №2 հանրապետական դպրոցի տնօրեն Կարինե Նահատակյանի խոսքերով, գերազանցիկ աշակերտներ են, ուղղակի մեկը օգնել է կողքինին, դիտորդները նկատել են և հեռացրել քննությունից, իսկ երկրորդը դրանից հետո շփոթվել է և չի կարողացել ավարտել թեստը: №2 դպրոցում 8 շրջանավարտ ոսկե մեդալի թեկնածու է, իսկ 2-ը` արծաթե:

Վրացական №3 հանրակրթական դպրոցը ունի 17 շրջանավարտ, որոնցից միայն մեկը չի կարողացել հանձնել քննությունը:

№4 հանրակրթական դպրոցը, որը քաղաքում հայտնի է որպես Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոց, ունի 39 շրջանավարտ: Նրանցից միայն երկուսը չեն կարողացել հանձնել, երկուսն էլ կտրվել էին ֆիզիկայից:

№4 հանրակրթական դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանը գոհ է քննությունների արդյունքներից:
«Շատ խիստ դիտորդներ էին: Նույնիսկ ինձ թույլ չէին տալիս մոտենալ երեխաներին: Դե, ես հասկանում եմ, կա օրենք: Չնայած դրան, ես գոհ եմ իմ աշակերտներից », – ասում է Նաթելան:

№4 դպրոցում այս տարի չկան մեդալակիրներ: Մեդալի հավակնորդներ չկան նաև №5 դպրոցում:
Այս տարի №5 հանրակրթական դպրոցը ընդամենը 5 շրջանավարտ ունի: Բոլորն էլ քննությունները հանձնել են:

№5 դպրոցում ավարտական քննություններ հանձնել են նաև Կարտիկամ գյուղի աշակերտները: Կարտիկամ գյուղը ունի 12 շրջանավարտ, նրանցից 7-ը չեն հանձնել ֆիզիկայի, ռուսաց լեզվի, կենսաբանության քննությունները:

Ավարտական քննություններն արդեն ավարտված են, մեկը ուրախացել է, որ հանձնել է բոլոր քննությունները, մեկը ինքն իր համար որոշել է, որ հաջորդ տարի կհանձնի, ու հիմա շրջանավարտներին մնացել է դպրոցն ավարտելու ամենալավ պահը`ավարտական երեկոն:

Շուշան Շիրինյան