Այս բնակավայրում գյուղական կյանքի պատկերը առաջին հայացքից ամբողջական է․ կանաչապատ այգիներ, մրգատու ծառեր, մշակվող հողատարածքներ, լուսավորված փողոցներ, եկեղեցի ու ամբուլատորիա։ Սակայն Ղադո գյուղը տարեց տարի դատարկվում է։ Մարդիկ հեռանում են երբեմնի մարդաշատ գյուղից։
Թվում է՝ քաղաքային աղմուկից հեռու, բայց քաղաքին մոտ գտնվող այս գողտրիկ գյուղում ապրելու համար շատ բան կա։ Սակայն այս գեղեցիկ պատկերի հետևում տարիների ընթացքում ավելի տեսանելի դարձող մի խնդիր կա՝ Ղադոյի բնակչությունը նվազում է, իսկ գյուղի ապագան աստիճանաբար կախված է դառնում նրանից, թե որքան երիտասարդ ընտանիքներ կշարունակեն այստեղ ապրել։
Գյուղն ունի այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են առօրյա կյանքի համար։ Փողոցները լուսավորված են, գործում է ամբուլատորիա, որտեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները ստանում են առաջին բուժօգնություն, եկեղեցին նույնպես գործում է։
Գյուղի բնակչության փոփոխությունն առավել նկատելի է դպրոցում։ Այսօր Ղադոյի հանրային դպրոցը 9-ամյա է, որտեղ սովորում է 38 աշակերտ։ Եվս 10 աշակերտ՝ 10-12-րդ դասարաններում սովորողները, կրթությունը շարունակում են հարևան գյուղերի դպրոցներում։
Ղադոյի հանրային դպրոցի տնօրեն Համբարձում Մուրադյանի խոսքով՝ աշակերտների թիվը տարեցտարի նվազում է։
«Երեխաների քանակը գնալով նվազում է դպրոցում։ Այս տարի ունեինք չորս առաջին դասարանցի, հավանաբար մյուս տարի չենք ունենա»։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ երեխաների թվի նվազման պատճառներից մեկը երիտասարդների ուշ ամուսնությունն է։ Բացի այդ, բարձրագույն կրթություն ստացող երիտասարդներից շատերն ուսումն ավարտելուց հետո մնում են քաղաքներում, որտեղ ավելի մեծ են աշխատանքի և մասնագիտական զարգացման հնարավորությունները։ Երիտասարդ ընտանիքներն էլ հաճախ նախընտրում են քաղաքում ապրել ու աշխատել։
Խոսելով գյուղի բնակիչների հետ՝ երկու հետաքրքիր պատկեր ենք ստանում։
Ղադո գյուղի բնակիչ Վարազդատ Հարությունյանը, ով 27 տարի աշխատել է գյուղի հանրային դպրոցում, ասում է․
«Այսօր գյուղում ամեն ինչ ունենք, մեր պապերը եթե տեսնեին, թե ինչ պայմաններում ենք ապրում, կապշեին։ Գյուղի փողոցները լուսավորված են, արդեն ասֆալտապատ է գյուղի ճանապարհը, գազ ու ջուր ունենք, լավ ապրում ենք։ Շնորհակալ ենք մեր ղեկավարությանը, որ գյուղում նույնիսկ ոռոգման ջրամբար կառուցեցին։ Գարի, ցորեն, կարտոֆիլ ենք ցանում, զբաղվում ենք անասնապահությամբ և խոզաբուծությամբ, դժգոհ չենք։ Աշխարհին ու մեր երկրին միայն խաղաղություն ենք ցանկանում, ուրիշ բանի կարիք չունենք, աշխատում ապրում ենք»։
Այն հարցին, թե ինչո՞ւ է պակասում գյուղի բնակչությունը, դպրոցում երեխաների քանակը, Արտուշ Հարությունյանը, ով 30 տարի եղել է գյուղի անասնաբույժը, պատասխանեց․
«Այսօր երիտասարդները չեն ամուսնանում։ Նրանք, ովքեր Երևանում են բարձրագույն կրթություն ստանում, այնտեղ աշխատանք են գտնում։ Մի մասն էլ Ռուսաստան է գնում արտագնա աշխատանքի և այնտեղ է մնում, այդ պատճառով էլ գյուղում նվազում է բնակչության թիվը։ Սակայն կան նաև երիտասարդներ, ովքեր Թբիլիսիում են սովորել, վերադարձել են գյուղ, ընտանիք են կազմել ու հիմա աշխատում են Ախալքալաքում։ Ամեն օր գնում գալիս են»։
Ղադոյի տարեց բնակիչները հիշում են այն տարիները, երբ գյուղի բարեկարգ ճանապարհը, գազը, ջուրը կամ փողոցային լուսավորությունը երազանք էին։ Այսօր նրանց համար այդ պայմաններից շատերն արդեն իրականություն են։
Սակայն երիտասարդների հետ զրույցներում գյուղի մասին պատկերը փոխվում է։ Նրանք սիրում են Ղադոն, կապված են իրենց ծննդավայրի հետ, հաճույքով վերադառնում են այստեղ, բայց գյուղում իրենց ապագան կառուցելու համար ամենակարևոր բաներից մեկը դեռևս պակասում է՝ աշխատանքի և զարգացման հնարավորությունը։
«Ես մեր գյուղը շատ եմ սիրում։ Հանգստյան օրերին սիրով գալիս եմ ու ժամանակ անցկացնում գյուղում։ Սակայն այստեղ աշխատատեղ չկա։ Համալսարանում սովորել եմ և ուզում եմ աշխատել։ Ախալքալաքում վարձով եմ ապրում և աշխատում եմ բանկում։ Հիմնականում բոլորը ձգտում են նոր ճանապարհների, նոր հնարավորությունների։ Գյուղում այդ ամենին հասնելը հնարավոր չէ»,– ասում է Անիին։
Երիտասարդները չեն հեռանում գյուղից այն պատճառով, որ չեն սիրում այն։ Նրանք հեռանում են, որովհետև իրենց ապագան այստեղ կառուցելու համար անհրաժեշտ հնարավորությունները սահմանափակ են։
Ղադոյի օրինակը ցույց է տալիս, որ գյուղի զարգացումը միայն ենթակառուցվածքներ ունենալը չէ։ Ճանապարհը, գազը, ջուրը, լուսավորությունն ու բուժօգնության հասանելիությունը կարևոր պայմաններ են, բայց գյուղում կյանքը շարունակելու համար անհրաժեշտ է նաև աշխատանք, կրթությունից հետո վերադառնալու հնարավորություն, երիտասարդ ընտանիքների համար ապագա տեսնելու հեռանկար։
Այսօր Ղադոյում կա հող, կա բնություն, կա տուն, կա եկեղեցի, կա դպրոց և կա գյուղը սիրող մարդկանց սերունդ։ Բայց, եթե երիտասարդների համար չստեղծվեն ապրելու և աշխատելու նոր հնարավորություններ, ժամանակի ընթացքում կարող է պակասել ամենակարևորը՝ մարդիկ։
Գյուղը կարող է պահպանել իր տունը, հողը, այգին ու եկեղեցին, բայց գյուղը գյուղ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ նրա փողոցներում երեխաների ձայներ են լսվում, երիտասարդները վերադառնում են տուն, իսկ նոր ընտանիքներ են այստեղ իրենց ապագան պատկերացնում։










