Ախալքալաքի շրջանի Չունչխա գյուղում այսօր տեղի ունեցած ուժեղ քամին և պոկված տանիքը վախեցրել են տեղացիներին, սակայն ոչ մեկ չի տուժել։ Գյուղի կրած վնասը կփոխհատուցի տեղական իշխանությունը:
Երբ քամին պոկել է Չունչխայի արարողությունների տան տանիքը, ներսում 9 երեխա է եղել: Ուժեղ աղմուկից նրանք դուրս են եկել և, տեսնելով պոկված տանիքը, վախեցած վազել են դեպի դիմացի տուն, այդ ընթացքում քամին պոկված կտուրի մի մասը գցել է դիմացի տան այգի և կոտրել ծառերը։
Վախեցած ծնողները դուրս են եկել տնից, սակայն այդ պահին ոչինչ չեն տեսել:
“Ահավոր վիճակ էր, երբ դուրս եկանք ոչ երեխաներին տեսանք, ոչ շենքը, փոշի էր պատել ամբողջ երկյանքով։ Փառք Աստծո, որ այդ ընթացքում երեխաները վազել էին դեպի դպրոցի շենք, եթե 5 րոպե ուշ դուրս գային, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ”, – ասաց ծնողներից մեկը”։
Գյուղացիների խոսքերով, շենքը նորոգվել է անցած տարվա հուլիս ամսին։
“Նորոգեցին շենքը, բայց ինչ իմաստ ունի, այսպես էլ նորոգում կլինի: Եթե լավ նորոգեին այսպիսի դեպք չէր լինի”, – ասացին շենքի մոտ հավաքված գյուղացիները։
Սակրեբուլոյի պատգամավոր Զաուրի Պաքսաձեյի խոսքերով, կառույցը լավ է նորոգված, ուղղակի քամին շատ ուժեղ է եղել, այդ իսկ պատճառով սյուները չեն դիմացել։
“Այս շենքը մեր միակ կառույցն է, որտեղ արարողություններ ենք անցկացնում, այդ իսկ պատճառով էլ անպայման կդիմենք համապատասխան օրգաններին, որպեսզի նորոգենք կառույցը”, – ասաց պատգամավոր Զաուրի Պաքսաձեն։
Գյուղապետը գյուղում չէր, սակայն արդեն տեղյակ էր եղելության մասին։
Մեր լրագրողական խմբի գնալուց 20 րոպե անց գյուղ եկան նաև ոստիկանության, իսկ 30 րոպե հետո արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։
Քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասաց,
“Մենք տեղյակ ենք դեպքի մասին, վաղը հանձնաժողովը կգնա և տեղում կգնահատի իրավիճակը, իհարկե փոխհատուցում կլինի”, – ասաց նա։
Գայանե Ակոջյան
Քրիստինե Մարաբյան