Ախալքալաքի քաղաքապետարանի գյուղերի բուժքույրերն աշխատում են իրենց տներում, քանի որ գյուղերում կամ ամբուլատորիաներ չկան, կամ միայն մերկ պատերն են, առանց լույսի, ջրի ու տեխնիկայի։ Բուժքույրերը, տեղական իշխանություններին, խնդրում են իրենց սենյակներ տրամադրել, որտեղ նորմալ պայմաններ լինեն իրենց աշխատանքի համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի բուժքույրերը դժգոհում են, որ գյուղերի ամբուլատորիաները վթարային են, չկա ջուր, լույս, գազ, գույք։ Նրանք ստիպված են աշխատել տներում, ինչն օրենքով անընդունելի է և անհարմար նրանց համար։ Շատերն իրենց տներում տեղ չունեն սարքավորումների, դեղերի և մնացած ամեն ինչի համար, բացի այդ, բուժքույրերը նույնպես չեն ցանկանում հիվանդներին ընդունել իրենց տներում։
Այսպիսի վիճակ է Գոման, Տրկնա, Կիրովական, Օրջա, Մերենիյա, Արագվա, Թոթխամ, Մաջադիա, Օլավերդ, Էխտիլա, Բալխո և այլ գյուղերում։
Բալխո գյուղից Ավագյան Մանուշակը դժգոհում է, որ գյուղում բուժկետ չկա, ինքը ստիպված է տնից աշխատել։
«Ստացածս ամբողջ տեխնիկան իմ տանն է, բայց տանը տեղ չունեմ»,- ասում է Ավագյան Մանուշակը։
Նանուլի Պապոյանն իր տան մի անկյունը վերածել է «բուժկետի», սեղան է դրել, վրան առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ դրել, որպեսզի հարմար լինի, երբ գյուղացիներից մեկն իրեն դիմի։ Նրա խոսքով, գյուղացիները դիմում են կտրվածքների, կապտուկների դեպքում, երբ շտապօգնության կարիք ունեն, մինչև հիվանդանոց հասնելը։
Օլավերդ գյուղից Երանյակ Գիլոյանն էլ դժգոհում է, որ գյուղում բուժկետ չկա, այսինքն՝ շենք կա, բայց քանդված է, այնտեղ ոչինչ չկա.
«Ջուր չկա, լույս չկա, տեխնիկան ու դեղերը դրել եմ այն տանը, որտեղ ոչ ոք չի ապրում, ուղղակի մի սենյակում եմ դրել։ Քանի անգամ եմ նորմալ սենյակ խնդրել, ամեն անգամ խոստանում են»,- դժգոհում է Երանյակ Գիլոյանը։
Նույն իրավիճակն է նաեւ Արագվա գյուղի բժշկական կենտրոնում։
« Բուժկետ կա, բայց վատ վիճակում է, լույս չկա, գազ չկա։ Ասեցին, քո հաշվին հոսանք անցկացրու, 2 տարի առաջ եկան, խոստացան, բայց այդպես էլ ոչինչ չարեցին»,- պատմում է Արագվա գյուղի բուժքույր Այվազյան Հռիփսիմեն։
Գիլիզար Ավագյանը Օրջա գյուղի բուժքույրն է։ Տեղական իշխանությունների օգնությանը սպասելուց հոգնած նա ինքն է կարգի բերել գյուղի առողջապահական կենտրոնը և ինքն է վճարում էլեկտրաէներգիայի ծախսերը։
«Հոսանք կա, բայց արդեն մի քանի տարի է ծախսերը ինքս եմ վճարում, ձմռանը ամսական 100 լարի, սենյակը տաքացնում եմ ջեռուցիչով։ Ինչ է Ես պարտավոր եմ դա անել: Տնից սեղան եմ տարել, թախտ ու հարմարություն ստեղծել»,- դժգոհում է Գիլիզար Արևյանը։
Թոթխամ և Մաջադիա գյուղերում ոչ միայն բուժկետ չկա, այլ նաև բժիշկ։ Մեր բժշկի մահից մեկ տարի է անցել, իսկ նրան փոխարինող դեռ չեն նշանակել։
«Բժիշկ չունենք, երեխաների սովորական պատվաստման համար պատվաստանյութեր չեն տալիս բժիշկ չլինելու պատճառով։ Բուժկետը, այսինքն՝ տունը, անմխիթար վիճակում է, դուռը չի փակվում, ջուր չկա։ Հին բազմոցը ինքս եմ տեղադրել, տանից եմ տարել, բայց այդպես նորմալ աշխատել հնարավոր չէ»,- ասում է Լուսինե Պարոնյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում կա 44 բուժքույր և 23 բժիշկ։ Սուլդա, Ազավրետ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Կումուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա գյուղերում գործում են ամբուլատորիաներ։ Չամդուրա, Զակ, Կարտիկամ և Ղադո գյուղերում վերջերս ամբուլատորիաներ են կառուցվել, սակայն այնտեղ չկա գույք, էլեկտրականություն։ Մյուս գյուղերում բուժքույրերն աշխատում են տնից։
Չորս գյուղերի նոր ամբուլատորիաների կառուցման համար հատկացվել է 360 հազար լարի, իսկ վեց գյուղերի ամբուլատորիաների վերանորոգման համար ծախսվել է 250 հազար լարի։ Ընդհանուր գումարը կազմել է 610 հազար լարի։ Սակայն այս շենքերը երկու տարի է անգործության են մատնված։
2019 թվականին Վրաստանի կառավարությունը նախաձեռնել էր հատուկ ծրագիր, որի շրջանակներում մարզերում կառուցվել են ամբուլատորիաներ և շտապ օգնության կենտրոններ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս գյուղերում կառուցվել են ամբուլատորիաներ, իսկ հինգ գյուղերում հիմնանորոգվել են գործողները։
Այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ շտապօգնության մենեջեր Էրեմ Եզոյանի, գործում են միայն 7 ամբուլատորիա և գտնվում են նորմալ վիճակում, օրինակ՝ Կումուրդո գյուղում, Վաչիանում, Զակում, Կարտիկամում, Ղադոյում …
Գյուղական ամբուլատորիաներին սարքավորումներ տրամադրելը Ախալքալաքի քաղաքապետարանի պարտականությունը չէ, դրանով զբաղվում է Շտապօգնության կազմակերպությունը։ Բայց այնտեղից Jnews-ին տեղեկացրեցին, որ նոր և վերանորոգված ամբուլատորիաներին սարքավորումներով պետք է ապահովվեն կենտրոնից։
«Ամբուլատորիաներին սարքավորումները կենտրոնացված են ուղարկվում, ինձ չեն տեղեկացնում, ուղիղ կապվում են բժշկի հետ ու ուղարկում։ Վերջերս (3-4 ամիս առաջ) Կումուրդո գյուղում տեխնիկա ստացան, բայց ես չգիտեմ, թե ինչ տեխնիկա են ստացել, քաղաքապետարանին այնքանով են տեղյակ պահել, որ այդ սարքավորումներին վերահսկեն»,- ասաց տեղի Շտապօգնության կենտրոնի ղեկավար Երեմ Եզոյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ասաց, որ իրենք տեղյակ են խնդրին, բայց այս պահին տեղական իշխանությունները միջոցներ չունեն գյուղերում ամբուլատորիաներ կառուցելու համար, եթե կառավարության ծրագիրը շարունակվի, ապա «իհարկե կկառուցեն»։