Կորոնավիրուսի համաճարակի ամենաակտիվ փուլում Ախալքալաքի մունիցիպալիտետը Վրաստանում համարվում էր ամենաքիչ պատվաստված բնակիչներով շրջաններից մեկը: 2021 թվականի նոյեմբերի դրությամբ՝ մունիցիպալիտետի բնակչության ընդամենը 6 տոկոսն էր պատվաստված: 2022 թվականի հոկտեմբերին պատվաստվել է ընդամենը մեկ մարդ, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդհանրապես պատվաստում չի կատարվել կորոնավիրուսի դեմ: Jnews-ը փորձել է պարզել, ինչո՞ւ այդպես եղավ և ինչպե՞ս անդրադարձավ կոնկրետ մարդկանց ճակատագրերին:
Վրաստանում պատվաստումը քաջալերելու նպատակով օգտագործվեց ուսուցիչների համար վճարովի թեստավորում մտցնելու սպառնալիքը, թոշակառուներին գումարով մոտիվացնելը, վիճակախաղ անցկացնելով պատվաստվածների շրջանում, «Պատվաստման մարաթոնը», որը նախաձեռնել էր Վրաստանի Առողջապահության նախարարությունը: Սակայն պատվաստումների վիճակագրությունն Ախալքալաքում առանձնապես չփոխվեց:
«Covid-կանոնակարգերի պահպանում» կարգախոսով միջոցառում Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում
Համավարակի անկման ֆոնին, պատվաստման արդիականությունն ու տեմպերն էլ ավելի նվազեցին: 2022 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում պատվաստվել է 763 մարդ, որի կեսից ավելին՝ 425 մարդ, պատվաստվել է հունվար ամսին, այնուհետև թվերը կտրուկ նվազում են: Հարկ է նշել, որ 2022 թվականի սկզբին կառավարական ծրագիր էր գործում, որի շրջանակներում թոշակառուներին միանգամյա 200 լարի էին տալիս, եթե նրանք պատվաստվում էին:
Պատվաստանյութի ի հայտ գալուն զուգահեռ հասարակությունում միանգամից սկսեցին խոսակցություններ և միֆեր տարածվել, որոնցից էին՝ պատվաստանյութը փոխում է մարդու ԴՆԹ-ն, պատվաստանյութից կարող են լուրջ և կողմնակի բարդություններ առաջանալ, պատվաստանյութը պարունակում է այլ հիվանդություն, պատվաստանյութը չբերության է բերում, պատվաստանյութի միջոցով չիպեր են տեղադրվում և այլն: Այս ամենն ազդեց Ախալքալաքում հասարակական կարծիքի վրա: Պետության կողմից ուշացած տեղեկատվական արշավներն ու քաջալերող ակցիաները, հետագայում արդեն դրական արձագանքները չկարողացան փարատել պատվաստումների վերաբերյալ հասարակության կասկածները:
Գյուղ, որտեղ չունեն covid-անձնագրեր
Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղը հայտնի է նրանով, որ այստեղ գրեթե չկան պատվաստվածներ: Jnews-ը որոշել է պարզել, թե ինչպես են Աբուլում մարդիկ բացատրում իրենց ընտրութունը:
Այսօր, երբ կորոնավիրուսն անցած էտապ է համարվում, Աբուլ գյուղի բնակչության շրջանում հանդիպում ենք մարդկանց, որոնք կտրուկ դեմ են պատվաստմանը: Շատերն ասում են, որ պարզապես դրանում իմաստ չեն տեսնում: Նրանք հավատում են, որ իրենք «լավ իմունիտետ» ունեն և պատվաստումը նրանց չի օգնի:
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն անընդունելի է համարում պատվաստման վերաբերյալ նման վերաբերմունքը:
«Համավարակի ժամանակ Աբուլը հենց այն գյուղերից էր, որտեղ չկար մի ընտանիք, որ չլիներ գոնե մեկ հիվանդ: Կորոնավիրուսի դեմ իմունիտետ է ձևավորվում միայն վարակը տանելուց կամ պատվաստվելուց հետո: Պատվաստումը չի երաշխավորում, որ դուք չեք հիվանդանա, բայց այն թույլ է տալիս հիվանդությունը հնարավորինս հեշտ հաղթահարել և խուսափել վերակենդանցման բաժանմունքում հայտնվելուց: Արդյո՞ք դա քիչ է»:
Նույն իրավիճակն է տիրում նաև մունիցիպալիտետի մյուս գյուղերում, որոնց բնակիչները չեն որոշել պատվաստվել։ Նույնիսկ նրանք, ովքեր դեմ չէին իրենց կորոնավիրուսից պաշտպանել միևնույն է հետևեցին հասարակական կարծիքին:
«Փաստաթուղթ չունենալու պատճառով բաց թողեցի Ամերիկա գնալու բացառիկ հնարավությունը»
Վարդուհի Կուրղինյանը Ախալքալաքի շրջանի բնակչուհի է, որը պատվաստված չլինելու պատճառով բաց է թողել իր կյանքում երկար սպասված հնարավորություններից մեկը:
«Երբ համաճարակը նոր էր սկսվել, ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ կլինի պատվաստանյութը, և ի վերջո, երբ է այս ամենն ավարտվելու: Հետո, երբ արդեն պատվաստանյութը եղավ, ես ընտրության առջև կանգնեցի. պատվաստվել, թե՝ ոչ: Սկսեցի համացանցում ինֆորմացիա փնտրել տարբեր պատվաստանյութերի մասին: Համեմատելով մեկը մյուսի հետ ես չկարողացա հասնել այն կետին, հասկանալու համար, թե ինչ է ինձ պետք, ո՞րն է օգուտը, ինչո՞ւ պատվաստանյութերն այդքան շատ են, ինչո՞ւ մի պատվաստանյութի մասին լավ են խոսում, իսկ մյուսի մասին՝ ոչ»,- պատմում է Վարդուհին:
Նա ավելացնում է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո արդեն պարզ էր, թե ինչպես է իր օրգանիզմն արձագանքում այս հիվանդությանը: Իսկ ինչ կլիներ պատվաստվելուց հետո, անհայտ էր:
«Դրա համար, ես չկայացնելով որոշում, հասկացա, որ իմ իմունիտետն ավելի լավն է, քան այն, որը ես կընդունեմ: Ինձ համար ավելի լավ է նորից հիվանդանալ կորոնավարակով, քան պատվաստվել և չիմանալ, թե օրգանիզմս ինչպես կարձագանքի դրան»:
Չնայած նախապաշարումներին և կասկածներին, երբ Վարդուհին իմացավ, որ հնարավորություն ունի Ամերիկայում պրակտիկա անցնել, պատրաստ էր նույն օրը պատվաստվել, քանի որ ուղևորության համար պահանջվում էր կովիդ-անձնագիր, սակայն ընտանիքի անդամները դեմ էին:
«Ցանկացած մարդու համար Ամերիկան երազանք է: Երբ ես հավաքում էի փաստաթղթերս, այդ ժամանակ պարզվեց, որ կովիդ-անձնագիր է հարկավոր: Ես մի ամիս ժամանակ ունեի մինչև ուղևորությունը, ես կհասցնեի, եթե պատվաստվեի: Նույն օրը պատրաստ էի պատվաստվել, սակայն իմ ընտանիքը դեմ էր դրան»:
Մեր հերոսուհու խոսքով, հիմա նա ափսոսում է միայն բաց թողնված հնարավորության համար, բայց ոչ առողջության: Իր ընտանիքին ևս չի մեղադրում: Ասում է՝ «իմ կյանքը միայն իմ ձեռքերում չէ, նրանց նույնպես կարելի է հասկանալ»:
Ինչո՞ւ Ախալքալաքում ձախողվեց պատվաստումը կորոնավիրուսի դեմ
Չնայած պատվաստման ցածր մակարդակին՝ Ախալքալաքում դժվար է գտնել գաղափարական հակավաքսերի (մարդ, որը դեմ է պարտադիր պատվաստմանը): Այսօր բնակչության մեծամասնությունը նույն կարծիքին է, ինչ Վարդուհին և Աբուլի բնակիչները՝ «վատ չէ, բայց լավ էլ չի», մոռանալով այն առասպելների և վախերի մասին, որոնք հաղթահարել էին պատվաստման գործընթացի սկզբում:
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը կարծում է, որ շրջանում պատվաստումների դադարեցման հիմնական պատճառը հանդիսանում է կարծրատիպերը, որոնք հատուկ են Ախալքալաքի ավանդապաշտ հասարակությանը. ապատեղեկատվություն, դեղին մամուլի հրապարակումները և սոցիալական կայքերը, ինչպես նաև որոշ բժիշկների ասածները, որոնք դեմ էին արտահայտվում պատվաստումներին:
Նրա խոսքով, պատվաստումների շեշտակի անկումը բնորոշ էր ոչ միայն Ախալքալաքի շրջանին, այլև նույն իրավիճակն է տիրում ամբողջ Վրաստանում և աշխարհում:
Այսօր Ախալքալաքի հասարակ բնակչի օրակարգում COVID-19-ը չի մտնում: 2020 թվականի մարտին առաջացած խուճապն արդեն մոռացված է, գրեթե մոռացված է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները, շփումները, մասնագիտական գործնեությունն ու կրթությունը, կապված կորոնավիրուսի հետ: Սակայն մասնագետները վստահեցնում են, որ վարակը դեռ չի հաղթահարվել: Այս պայմաններում հասարակության կողմից պատվաստումների անտեսումը, որը հիմնված է ոչ թե գիտելիքի, այլ կարծրատիպերի և նախապաշարումների վրա, կարող է վճռորոշ դառնալ հանրային առողջության պահպանման հարցում: