Անզգույշ երթևեկությունը Ախալքալաքում կարող է հանգեցնել մեքենայի կամ անցորդի դիտահորում հայտնվելուն։ Նվազագույնը 20 դիտահոր գտնվում են բաց կամ կիսաբաց վիճակում:

Բնակիչների խոսքերով եղել են դեպքեր, երբ մեքենաները կամ մարդիկ ընկել են հորերը, անգամ հեծանիվով երեխա է ընկել։

Լոմսաձե-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բնակիչները «բերդ» են կառուցել անիվներից: «Լավ է երեխա չի ընկել, հոգնել ենք այս անցքը փակելուց: Ամեն անգամ մի բանով ծածկում ենք, դա էլ է անհետանում: Ավտոմեքենաները այնքան հաճախ էին ընկնում ջարդվում, որ մեկ-մեկ ասում էին, թե մենք դիտմամբ ենք անում, որ ջարդվեն, վարպետների հետ պայմանավորվածություն ունենք», – վրդովված ասում է մի մեծահասակ տղամարդ:

Jnews-ը հաճախ է անդրադաձել դիտահրորերի խնդրին, որը մինչև օրս անլուծելի է, իսկ բնակիչների դժգոհություններն ու բողոքներն օրեցօր ավելի են շատանում։

koyuxi1

«Տարին արդեն լրանում է, բայց հորերը բաց են, այս ընթացքում թիվը մոռացել ենք քանի մեքենա է ընկել։ Գիշերվա կես մեկ էլ լսվում է թխկոց, գիտենք, որ հորը մեքենա ընկավ։ Վտանգավոր է նաև երեխաների համար, ճանապարհի կենտրոնում մեծ, բաց հոր է, վախենում ենք երեխաներին տնից դուրս թողնենք՝ վազում են, խաղում են։ Գնդակն է ընկնում կեղտոտ կոյուղաջրի մեջ, երեխան ուզում է հանել, չգիտեմ, որն ասեմ: Արդյոք հնարավոր չէ մի տարվա ընթացքում մի քանի դիտահոր փակել», – մեզ հետ զրույցում ասաց Մաշտոց փողոցի բնակիչն, ով չցանկացավ ներկայանալ։

koyuxi]

Նույն բողոքներն ու դժգոհություններն ունեն այլ մի քանի փողոցների բնակիչներ։ Միայն մենք նկատել ենք բաց դիտահորեր Ճավճավաձե, Դարբինյան, Թամար Թագուհու փողոցների վրա:

koyuxi

koyuxi3

Դեռ մեկ ամիս առաջ, երբ մենք հերթական անգամ հետաքրքրվեցինք դիտահորերի կափարիչների բացակայությանբ, Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնից տեղեկացրեցին, որ 20 բաց դիտահոր կա Ախալքալաքում: Դրանցից 8 դիտահորերի կափարիչներն արդեն տեղադրվում էին, ևս 6-7 կափարիչ առաջիկայում կտեղադրվի։

koyuxi4

Մեկ ամիս անց կրկին զրուցեցինք այս խնդրի մասին, և արդյունքում պարզվեց հետևյալը.
«Այն ութ դիտահորերի կափարիչները, որոնք պետք է տեղադրեինք, դեռ չենք տեղադրել և այդ հարցերով Ախալցիխեում քննարկում ունեցանք։ Շատ հնարավոր է դիտահորերի կափարիչներն ավելանան», – մեզ հետ զրույցում խնդրի մասին ասաց Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրեն Վարդ Մոսոյանը։

koyuxi2

Խնդրի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ նաև Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնից, սակայն ապարդյուն։ Մեկ շաբաթ շարունակ օրվա տարբեր ժամերի այցելում էինք համապատասխան բաժին և հանդիպում փակ դռան, իսկ երբ փորձեցինք հեռախոսազանգի միջոցով խոսել, մեր զանգերին չպատասխանեցին։

koyuxi3

Ջուլիետա Տոնականյան