Սոֆիա Մելքոնյանը 27 տարի միայնակ է ապրում Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում կիսաքանդ տան մեջ: Չի կարող աշխատել, առողջական խնդիրներ ունի: Ապրում է կենսաթոշակի և պետության կողմից տրվող սոցիալական օգնության հաշվին, որն էլ արդեն երկու ամիս է չի ստանում։ Նա չգիտի այլևս ու՞մ դիմի, որպեսզի օգնեն իրեն դուրս գալ ստեղծված անելանելի վիճակից։

Կիսախարխուլ տանը միայն հոսանք կա, ոչ բնական գազ կա, ոչ էլ ջուր: Արևի ճառագայթները երթիկից ներս են թափանցում, լուսավորելով սառը սենյակը։ Սենյակում Սոֆիայի համար միակ լուսավոր բանն իր դստեր և հարազատների լուսանկարներն են, որոնք խնամքով դասավորել է սեղանին։

Sofia

tiknik

Սոֆիան քնում է նեղ ու փոքր բազմոցի վրա, ինչպես ինքն է նշում՝ արթնանում է արդեն սատկած որդերի հետ, որոնք երթիկից են ներս թափվում։ Սենյակում այնքան անցք կա, որ Սոֆիան գորտերի և օձերի պակաս էլ չի զգում, ասում է՝ լավ է, որ ռիժիկը կա, (նրա հավատարիմ ընկերը՝ շունը) քշում է դրանց։

JNEWS-ի այնտեղ գտնվելու ժամանակ, Սոֆիան երթիկի խոտն էր մաքրում, որպեսզի անձրևի ժամանակ ջուրը ներս չլցվի։

Ձմռանը այս փոքրիկ խուցը փայտով է տաքացնում, ասում է, որ 1200 լարիի փայտ է վառել, բայց սենյակը չի տաքանում, ամեն տեղ անցքեր են, հատակը՝ բետոնապատ:

«Վառում-վառում եմ, բայց չեմ տաքանում, դրա համար տաք եմ հագնում, շատ եմ հագնում, շալ շալի վրայից», – ասում է Սոֆիան։

amaneghen

Խմելու ջուրը գնում հարևանների տնից է բերում, իսկ լվացքի համար անձրևաջրերն է օգտագործում: Ջուր շատ չի կարող բերել հարևանների դռնից, քանի որ ձեռքը ցավում է, իսկ ճանապարհը բավականին երկար է։
Տարիներ առաջ կրծքի վիրահատություն է տարել, հիմա երբ շատ է աշխատում ձեռքը թուլանում է ու ցավում։

«Ոչ ապրուստ ունեմ, ոչ բան, թոշակի և օգնության հույսին եմ, բայց օգնությունս կտրեցին։ Հիմա գյուղի մասնագետի հետ նորից դիմում ենք գրել, որ տեսնենք ինչ կլինի, կվերականգնեն, թե՝ ոչ», – ավելացնում նա։

 

Սոցիալական ծառայությունից երկու անգամ գնացել ստուգել են, նշումներ արել, բայց մինչև հիմա սոցիալական օգնությունը չի վերականգնվել:

ertik

«Թոշակիս հույսով եմ, որն էլ չգիտեմ դեղերիս տամ, հացի տամ, թե մեկ այլ ծախսի։ Գոնե լավ է քրոջս երեխան օգնում է։ Գյուղում էլ, օրինակ, երեկ մի աղջիկ շոր տվեց, ասաց կհագնես»։

degher

Մեզ հետ զրույցի ամբողջ ընթացքում Սոֆիան հուզվում է, հիշում, որ տարիներ առաջ ոչ մեկի օգնության կարիքը չէր զգում, կարողանում էր աշխատել ու նորմալ ապրել։ Աշխատել է սրճարանում, հոգալով՝ իր և դստեր բոլոր ծախսերը։

Գյուղում Սոֆիան ունի նաև մեկ այլ տուն, որը վառել են։ Ինչպես ինքն է ասում՝ հարևանը ուզեցել է իր տան հողամասը սեփականացնել, ինքը պայքարել է դրա համար և նրանք այրել են իր տունը։ Հիմա այդ տանն ապրել չի լինի, քանի որ մնացել է միայն չորս պատը, իսկ վաճառելու դեպքում, ասում է՝ չեն գնում։

Սոֆիան ունի մի դուստր, ով ամուսնացած է Ռուսաստանում, սակայն չի կարող օգնել մայրիկին։

ntutyunic luys

JNEWS-ը դիմել է սոցիալական ծառայություն, պարզելու՝ թե ինչու Սոֆիա Մելքոնյանը երկու ամիս է սոցիալական օգնություն չի ստանում:

Գայանե Ակոջյան