Ախալքալաքի ուղղորդիչ հիվանդանոցում COVID-19 պատվաստանյութերի ամրագրման կայքում (booking.moh.gov.ge) առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ոչ մի ամրագրում չկա: Այնուամենայնիվ, օրական պատվաստվում է մինչև 50 մարդ, մինչդեռ երկու շաբաթ առաջ միջինը պատվաստվում էր 120 մարդ: Ո՞րն է պատճառը։
JNEWS-ի փոքր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ախալքալաքում պատվաստման գործընթացը լայն տարածում էր ստացել այն բանից հետո, երբ դրան օգոստոս-սեպտեմբեր ամիսներին միացել էին մանկավարժները: Իսկ դա տեղի ունեցավ, երբ հայտարարվեց, որ պարտադիր թեստավորումը երկրում կարող է վճարովի դառնալ: Արդյունքում, սեպտեմբերի սկզբին Ախալքալաքում պատվաստվածների թիվը հասավ 120-150 մարդու, որոնց մեծ մասը ուսուցիչներ էին: Արդյունքում, ըստ Jnews-ի ուսումնասիրության, մինչև սեպտեմբերի 8-ը շրջանի ուսուցիչների 37,72%-ը պատվաստված էին:
Սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ ուսուցիչների թեստավորումը վճարովի չի դառնա, ինչից հետո ուսուցիչների շրջանում պատվաստումների ակտիվությունը նվազեց:
Ըստ Հանրային առողջության կենտրոնի, եթե սեպտեմբերի սկզբին նրանք շաբաթական ստանում էին պատվաստվել ցանկացող ուսուցիչների 20-25 հոգանոց ցուցակ, ապա այս շաբաթ այդ ցուցակում կար ընդամենը 7 մարդ:
Սեպտեմբերի 15-ին դպրոցական դասերը սկսվեցին հեռակա կարգով: Առաջին դասարանցիների համար դպրոցների մեկնարկը հետաձգվել է հոկտեմբերի 4-ին` այն հույսով, որ մինչ այդ պատվաստված ուսուցիչների թիվը կավելանա, և համավարակը կնահանջի: