Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում: Վերջին մահվան ելքով վրաերթը տեղի էր ունեցել երկու օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, մահացավ 22 տարեկան մի տղամարդ:
Վրաստանի ՆԳՆ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սամցխե-Ջավախքում 2022 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ՔՕ 276-րդ հոդվածի համաձայն (երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) գրանցվել է 53 ՃՏՊ, որոնցից 6-ը՝ մահվան ելքով, ևս 85 մարդ տուժել է։ Ախալքալաքի վերաբերյալ առանձին վիճակագրություն չկա, սակայն, ըստ Jnews-ի տվյալների, վերջին 3 տարիների ընթացքում Աղմաշենեբելի փողոցում գրանցվել է առնվազն 7 խոշոր ՃՏՊ, որոնցից 3-ը մահվան ելքով։
Ախալքալաքի հիվանդանոցից սկսած մինչև «Ավերսի» դեղատուն, մայրուղի հանդիսացող Աղմաշենեբելի փողոցի մոտ 500 մետր ճանապարհահատվածին բազմաթիվ բազմահարկ շենքեր կան, բազմաթիվ խանութներ, ավտոտեխսպասարկման կենտրոններ և հանդիսությունների սրահներ։ Չնայած դրան, այդ հատվածում չկան հետիոտնային անցումներ, մարդիկ ցանկացած տեղից անցնում են այն ճանապարհը, որով մեքենաները մեծ արագությամբ են երթևեկում։ Աղմաշենեբելի փողոցում ընդամենը երեք «Հետիոտնային անցում» ճանապարհային նշան կա, այն էլ՝ մեկ տեղում՝ հետիոտնային լուսակիրի մոտ, «Ավերսի» դեղատան հարակից խաչմերուկում։ Թիվ 4 հանրային դպրոցի մոտակայքում տեղադրվել են երթեւեկությունը կարգավորող նշաններ։ Այստեղ ավելի վաղ՝ վերականգնումից հետո եւ մինչեւ արհեստական պատնեշների տեղադրումը ևս գրանցվել են բազմաթիվ ՃՏՊ-ներ, այդ թվում՝ ծանր վնասվածքներով (2 օրում երկու ՃՏՊ՝ 2019 թ.–ի նոյեմբերի 26-ին և 27-ին: Առաջինը՝ հետիոտնի վրաերթ, իսկ երկրորդը՝ երկու ավտոմեքենայի մասնակցությամբ վթար, որի հետևանքով ոչ ոք չի տուժել)։ Սակայն արագություն սիրող վարորդների ճանապարհին վերոնշյալ սահմանափակումների կիրառմամբ ՃՏՊ-ների թիվը կտրուկ նվազել է, այդ ժամանակվանից ի վեր Jnews-ն այս խաչմերուկում լուրջ վթարներ չի գրանցել։
Ըստ վարորդների՝ վերոնշյալ 500 մետրանոց հատվածը վտանգավոր է, քանի որ ճանապարհը ասֆալտապատ է, իսկ վարորդները երթեւեկում են մեծ արագությամբ, ինչպես նաև գիշերը տեսանելիությունն այս հատվածում վատ է, հատկապես՝ անձրեւների կամ ձյան ժամանակ։
«Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչպես կարելի է այնտեղ վթարի ենթարկվել: Տեսանելիությունը ցերեկը լավ է, կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ են վարում, այս հատվածում հետիոտնային անցում չկա, միայն դպրոցի մոտ կա: Հիմնականում տեսանելիությունը վատ է միայն անձրևի ժամանակ, լուսավորությունը վատն է: Հետիոտնը չի հասկանում, որ պետք է զգույշ լինել: Նրանք սովոր են, որ մեքենան պետք է իրենց զիջի»,- ասում է վարորդ Լևոն Հարությունյանը։
Մայթ՝ մեքենաների համար, սալարկուղի՝ հետիոտնի