Ախալքալաքում դեռ չի գործում տուգանային համակարգը շրջակա միջավայրը կեղտոտելու համար: Տեղական իշխանությունների խոսքերով, այն կգործի, երբ Ախալքալաքի փողոցները և գյուղերը ապահովված կլինեն համապատասխան քանակի աղբարկղերով:
Վրաստանի օրենսդրության “Թափոնների կառավարման կոդեքսի” 31-րդ հոդվածի համաձայն, այն անձիք, ովքեր շրջակա միջավայրը կկեղտոտեն կտուգանվեն։ Տուգանքը նախատեսված է ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց համար, տուգանքի քանակը կապված է աղբի քաշից, այն անձիք, ովքեր 2 կգ-ի չափով աղբ են թափում շրջակա միջավայրում, կտուգանվեն 80 լարիով, եթե նույն չափի աղբը թափում են բնակելի շենքից կամ այլ շինություններից կտուգանվեն 100 լարիով, նույն գործողությունը վարորդի կողմից և այն անձի կողմից, ով գտնվում է հասարարական տրանսպորտում, կտուգանվեն 150 լարիով։
Ախալքալաքում տուգանքների այս համակարգը չի գործում, քանի որ այն պետք է մշակված լինի տեղական իշխանության կողմից: Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ասում է, որ շրջանի աղբից մաքրման ծրագիրը ընթացքի մեջ է:
«Սկզբում մենք միայն մտածում էինք քաղաքի մաքրության մասին, սակայն հիմա բացել ենք Սպասարկման կենտրոն, որը պետք է զբաղվի և՛ քաղաքի և՛ գյուղերի մաքրությամբ, և արդեն սկսել է ակտիվ գործունեություն։ Եթե սկզբում ավելի քիչ գումար էինք հատկացնում մաքրության և աղբահանության համար, հիմա նոր ստեղծված կենտրոնին հատկացրել ենք 300 000 հազարի լարի և կարող է նաև փոխվի այդ գումարի չափը, քանզի մենք ծրագրում ենք 2 տարվա ընթացքում 64 գյուղի աղբահանություն», – ասում է նա:։
Մոտ ապագայում Ախալքալաքը կստանա 100-ից ավել աղբարկղ, որոնք կտեղադրվեն քաղաքի կենտրոնում, մանկապարտեզների և շուկայի մոտ, ինչպես նաև գյուղերում։
«Մենք պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ, որպեսզի հետո քաղաքացիներից պահանջենք մաքրություն պահպանել, եթե ապահովենք բնակիչներին համապատասխան քանակի աղբարկղով և եթե էլի բնակիչները կեղտոտեն միջավայրը, դրանից հետո արդեն կսկսենք մտածել տուգանքների մասին։ Կհետևենք մյուս քաղաքների օրինակին», – ասաց Նաիրի Իրիցյանը։
Ըստ պարոն Իրիցյանի տուգանային համակարգը եթե սկսվի, բնակիչներին կվերահսկեն Սպասարկման կենտրոնի աշխատակիցները, իսկ վարորդներին՝ ճանապարհային ոստիկանները։
Եթե տուգանք սահմանվի, ապա այն կլինի “Թափոնների կառավարման կոդեքսի” համաձայն։
Երբ կգործի տուգանային համակարգը դեռ պարզ չէ: Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասում է.
«Տուգանքներ կան փողոցների աղտոտման համար, 500-5000 լարի, տուգանքը կգործի և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձանց համար, օրինակ իրավաբանական անձանց համար 80-2000 լարի, կապված աղբի քաշից։ Քաղաքում և այն գյուղերում, որոնք պատկանում են մունիցիպալիտետին կգործի օրենքը, սակայն ներկա պահին չեմ կարող ասել ե՞րբ և ինչպե՞ս կսկսի գործել տուգանային համակարգը, համենայնդեպս դա կիրականացվի Սակրեբուլոյի հետ համաձայնեցված»։
Գայանե Ակոջյան