Վրաստանի Ֆինանսների նախարարության Քննչական ծառայությունից հաստատում են, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործող գազային ընկերություններից մեկում` Մկոյանների ընկերությում հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «Խարդախություն, այսինքն՝ խաբեությամբ ապօրինի յուրացման նպատակով ուրիշի ունեցվածքի տիրապետում» և «խոշոր չափով հարկերից դիտավորյալ խուսափում»:

Նշվում է, որ հետաքննությունը սկսվել է քաղաքացիների դիմումի հիման վրա: Գերատեսչությունը բացառում է, որ գործը որևէ կերպ կապված է Մկոյանի քաղաքական գործունեության հետ:

«Տարածված հայտարարության հետ կապված, որտեղ ընթացիկ հետաքննությունը դիտարկվում է քաղաքական ենթատեքստով, իբր հետաքննության մեկնարկը կապված է ընտրությունների հետ, դա չի համապատասխանում ճշմարտությանը: Եվս մեկ անգամ նշում ենք, որ գործի հետքննությունը սկսվել է քաղաքացիների կոլեկտիվ դիմումի հիման վրա», – ասված է հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է իրականացված խուզարկությանը, Քննչական ծառայության փոխանցմամբ, դատարանի որոշման հիման վրա առգրավվել են փաստացի ​​հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նշվում է նաև, որ գերատեսչությունը չի ձեռնարկել որևէ հարկադրանքի ընթացակարգային միջոցառումներ, որոնք կարող էին խանգարել ընկերությանը շարունակել իր գործունեությունը և բնակչությանը գազով ապահովել:

«Նշված քննչական միջոցառումների ավարտից հետո ընկերության ղեկավարներից մեկը արձանագրություն է ստորագրել առ այն, որ փաստաթղթերի առգրավումը խոչընդոտ չի հանդիսանա ընկերության գործունեության համար», – ասված է հայտարարության մեջ:

Հենզել Մկոյանը սկսել է քաղաքականությամբ զբաղվել 90-ականների վերջերից: Երկար ժամանակ նա ներկայացնում էր «Միասնական ազգային շարժումը» և կուսակցության մեծամասնական պատգամավորն էր յոթերորդ և ութերորդ գումարմաբ խորհրդարանում: 2012-ին՝ իշխանափոխությունից հետո, Մկոյանը անդամակցվել է «Վրացական երազանք» կուսակցությանը: 2016 թ.-ին նա հաղթել է Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում՝ առաջադրվելով «Վրացական երազանքի» կողմից:

Նշենք, որ պատգամավոր Հենզել Մկոյանը պնդում է, որ սեպտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները եղբոր աշխատասենյակից մեծ քանակությամբ փաստաթղթեր են տարել: Նրա խոսքով, դրան զուգահեռ իր կողմնակիցների ու հարազատների հասցեին սկսել են սպառնալիքներ ներկայացնել: