Նինոծմինդայի շրջանի մեծ Գոնդուրա գյուղում բնակիչների ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է: Չնայած բազում դժվարությունների, գյուղը չի դատարկվում։
Գոնդուրայում բողոքում են ոռոգման ջուր չունենալու փաստից: Այստեղ ստիպված խմելու ջրով են ոռոգում, ինչը ավելի է դժվարացնում գյուղի կյանքը ամռանը։
ՄԵծ Գոնդուրայի դպրոցի շենքը վթարային է, դպրոց են հաճախում 200 երեխա: Գյուղում ապրում է մոտ 400 ընտանիք։
Չնայած Գոնդուրան կենտրոնական ճանապարհից բավականին հեռու է և կտրված, սակայն բնակիչները նախընտրում են մնալ գյուղում։ Այստեղից հիմնականում չեն արտագաղթում, անգամ վերջերս գյուղացիները 40 000 լարի արժողությամբ տուն են գնել։
Գոնդուրան շրջանում հայտնի է որպես գազար մշակող գյուղ: Բնակիչները մինչև մեկ հեկտար գազար են մշակում: Գազարի ամենափոքր ցանքատարածությունը 10 հար է։
Գյուղացիները սիրելով գյուղը դժգոհում են գյուղի դժվարություններից:
«Գյուղի կյանք է, ամեն ինչ լավ է, միայն փող չունենք։ Գազարի կիլոն 80 թեթրի է, բայց չկա, որ վաճառենք։ Խմելու ջուր ունենք, չենք բողոքում, բայց ոռոգման՝ չունենք։ Գետը հոսում է գյուղամիջով անօգուտ, այն ինչ կարող էինք որպես ոռոգման ջուր օգտագործել։ Դիլիֆի ջրից ենք ջրում, որը խմելու է։ Ժողովուրդը ապրուստի երկու միջոց ունի. անասնապահությունը և հողագործությունը», – մեզ հետ զրույցում ասաց Գոնդուրա գյուղի բնակիչ Առաքելյան Ռազմիկը։
Գյուղում խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները նույնպես բողոքի առիթ են տալիս։
«Մանկապարտեզը կառուցեցին, ջուրը տարան, բայց այսօր մանկապարտեզում ջուր չկա։ Բոլոր խնդիրների մասին էլ համապատասխան մարմինները գիտեն, բայց այլ բան է արդյոք կիրականացնեն», – ասում է Նելսոն Միքաելյանը:
Գյուղը ապահովված է խմելու ջրով և բնական գազով, բնակիչները գնահատում են այդ ամենը, սակայն ձգտում են ավելիին։
«Բերք չկա այս տարի, ինչ որ հողի վրա ծախս ենք արել, այդքան չենք ստացել: Վարելը, քանդելը, ցանելը։ Գազարի բերքատվությունն էլ շատ քիչ է, ինչի պատճառը եղանակն է, եթե լավ լինի բերքատվությունը, տասը սոտից չորս տոննա գազար կստանանք», – մեզ հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Արշիլ Իրիցյան։
Գոնդուրեցիները բողոք չեն ունենա, եթե երեխաներին ուղարկեն ոչ վթարային դպրոց և ամռանը ոռոգման հնարավորություն ունենան:
Ջուլիետա Տոնականյան