Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերն ավարտել են առաջնահերթ աշխատանքների ընտրության ժողովները և կողմնորոշվել են «Օգնություն գյուղին» ծրագրով իրենց գյուղերում իրականացվելիք աշխատանքների առումով։ Ընդհանուր առմամբ ընտրվել է 80 աշխատանք։

Ամենից հաճախ գյուղերն ընտրել են սպորտային ենթակառուցվածքների վերականգնում –կառուցումը կամ մարզագույքի ձեռքբերումը, լուսավորության անցկացումը, ոռոգման համակարգի, խմելու ջրի վերականգնումը և այլն։

16 գյուղեր, այդ թվում՝ Օրջան, Ալաստանը, Կումուրդոն, Կարծախը, Դիլիսկան, Մուրջախեթը, Տուրցխը, Խանդոն ընտրել են մարզական ենթակառուցվածքների վերականգնումը կամ մարզագույքի գնումը։ Օրինակ՝ Փոքր Սամսար գյուղն ընտրել է երկու առաջնահերթություն՝ սպորտային ենթակառուցվածքի վերանորոգում ու մարզագույքի գնում։

Լոմատուրցխը, Թոթխամը, Ափնիան, Կիրովականը, Խոսպիոն, Մարտունին, Բավրան ընտրել են լուսավորության անցկացումը, տվյալ առաջնահերթությունն ընտրել է ևս 14 գյուղ։

Խմելու ջուրն որպես իրենց առաջնահերթություն են ընտրել 11 գյուղ, այդ թվում՝ Կոկիոն, Վարեւանը, Գոգաշենը, Բալխոն։

Կորխ գյուղում ամբողջ գումարն ուղղելու են ամբուլատորիայի կառուցմանը։

Գոման գյուղն ընտրել է երկու առաջնահերթություն, որոնցից մեկը հասարակական զուգարանի կառուցումն է։

Մուրջախեթն իր երկրորդ առաջնահերթությունն ընտրել է ավտոբուսի կանգառի կառուցումը։

Չունչխան երկրորդ առաջնահերթություն է ընտրել ծիսակատարությունների տան վերականգնումը։

Վեց գյուղեր ընտրել են ճանապարհների վերականգնումը, իսկ երեքը՝ գերեզմանոցների վերականգնումը, կա նաև ջրանցքների վերականգնում։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանի խոսքով, իրենք արդեն կսկսեն աշխատել նախագծերի մշակման ուղղությամբ։

Սակրեբուլոյում այս աշխատանքների հաստատման ժամանակ պատգամավորների կողմից դժգոհություն եղան ՕԳԾ-ով կատարված աշխատանքների որակի հարցում, առաջարկ եղավ նաև այդ աշխատանքների համար կազմել ուղղակի պայմանագրեր։

«Թող դիմեին նախարարություն, ուղղակի պայմանագրերի համար թույլտվություն ստանան: Երբ պայմանագիր է կնքվում գյուղացիների հետ, նրանք բարեխղճորեն են աշխատում, միգուցե, երբ տենդեր ենք հայտարարում, ինչ-որ գումար ենք շահում, բայց դա ոչ մի արդյունք չի տալիս, ավելի լավ է ուղղակի պայմանագիր կազմել»,- ասաց Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Պատգամավորների կողմից նաև առաջարկ եղավ, որ գյուղերը, որտեղ աշխատանքները ավարտին հասցնելու համար չնչին գումար է հարկավոր՝ 1-ից մինչև 3 հազար, չմնան հաջորդ տարվա համար և նրանց հատկացնեն գումար տեղական բյուջեից։

«Նամակով կդիմենք քաղաքապետարան, եթե աշխատանքներն ավարտելու համար չնչին գումարներ են մնացել՝ 1-ից 3 հազար, իհարկե, քաղաքապետարանի հայեցողությամբ, որպեսզի մունիցիպալիտետը միջոցներ հատկացնի աշխատանքներն ավարտին հասցնելու համար, հատկապես այն գյուղերում, որտեղ մեծածավալ աշխատանքներ չեն իրականացվում»,- ասաց Նաիրի Իրիցյանը։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը պատասխանեց, որ քանի դեռ նախագծերը պատրաստ չեն, ոչինչ չեն կարող ասել։

«Մենք միավորում ենք միատիպ աշխատանքները՝ մինչև 50 հազար լարին: Կան աշխատանքներ, որոնք շտապ պետք է կատարվեն, օրինակ՝ կապված ոռոգման համակարգի հետ կամ այլ աշախատանքները, որոնք հույժ կարևոր են գյուղացիների համար: Կհայտարարենք տենդեր, եթե չլինեն մասնակիցներ, միայն այդ դեպքում իրավունք ունենք փաստարկելու, գյուղից կգտնենք մեկին ու ուղիղ պայմանագիր կկնքենք, քանի որ չենք կարող սպասել, սեզոնը սկսվել է»,- ասաց քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

ՕԳԾ-ով այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացվել է 922 հազար լարի։ Նույնչափ գումար էր հատկացվել նաև նախորդ տարի։

Քաղաքապետարանի տվյալների համաձայն, անցյալ տարի ՕԳԾ-ի տենդերներից տնտեսվել է 180 հազար լարի, որը նախարարությունը վերադարձրել է մունիցիպալիտետին և այն ծախսվել է այլ նախագծերի վրա։