Բեժանո գյուղում գազարի բերքն առատ է: Մարդիկ միևնույն է դժգոհում են, պատճառը բերքի իրացման ցածր գինն է:
Գևորգյանները 25 տոննա գազար են հավաքել600 մետր ցանքատարածությունից: Վերջիններս ուրախ են, որ տարին բերքառատ էր գազարի համար, բայց չգիտեն ինչպես են իրացնելու:
«Շատ լավ եղել է, օգուտն ինչ, 40 կոպեկ է, երբ բերքը լավ է լինում, գին չի ունենում: Պետք է շուկան կարգավորված լինի: Սաղ տարին 12 ամիս աշխատում ենք, նույնն է»,- նեղսրտեց Ռաֆո Գևորգյանը:
Գյուղի բնակիչների խոսքերով, անցած տարի հենց բերքահավաքի ժամանակ բեռնատարները դաշտերից բավականին բարձր գներով գնում էին գազարը և տանում Թբիլիսի, սակայն այս տարի նույնիսկ մեկ բեռնատար գյուղ չի մտել: Գազարի բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի վերջ հոկտեմբերի սկիզբ:
«Փուրչուլուղը (գազար) հեշտ չէ մշակել: Սաղ ձեռքի աշխատանք է, շատ դժվար է քաղհան անել, այնպես անես, որ լավ բերք ստանաս: Հունդը կարող է լավ չաճել, կարող է որձոլա (օգտագործելու ոչ պիտանի, անասնակեր) աճել: Սաղ տարին բառիս բուն իմաստով կռիվ ենք տալիս հողի հետ, վերջում նորից նույնն է, ոչինչ չի փոխվում»,- պատմեց Իսկուհի Ալեքսանյանը:
Գյուղացիների խոսքերով, իրենք ամեն տարի գազարի սերմը նախատեսվածից ավելի շատ են ցանում, քանի որ հողի մեջ ոչ բոլոր սերմերն են 100 տոկոսանոց աճ ապահովում:
«Այս տարի սերմը լավն էր, ամբողջը աճեց և արդյունքում փուրչուլուղը մանր եղավ, չնայած մանրը ավելի համով է, բայց գնորդը մեծն է նախընտրում»,- նշեց Իսկուհին, շարունակելով գազարը հողից հանել:
Ի տարբերություն կարտոֆիլի, գազարը բացառապես ձեռքի աշխատանք և ավելի շատ ուշադրություն է պահանջում: Այն քանդում են հատուկ երկու մատանի եղաններով, որպեսզի չվնասվի բերքը:
Նշենք, որ Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի բնակիչները, ի տարբերություն մնացածների, զբաղվում են հիմնականում գազարի կամ ինչպես Ջավախքում են ասում՝ փուրչուլուղի մշակմամբ: Ջավախքում ամենահամով, ամենաջրալի ու վիտամիններով հարուստ գազարը հենց այս գյուղում է աճում: Այս գյուղում մեծից փոքր բոլորը անգիր գիտեն ամեն ինչ, ինչ վերաբերում է գազարին:
Աղունիկ Այվազյան