Բյուջեի վերջին ճշգրտման ժամանակ, որն ընդունվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի կողմից, ի թիվս լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեցող այլ նախագծերի, նշվել է նաև «Ջիվանու» պուրակի վերականգնման ծրագիրը (Մնդոյի այգի): Լրացուցիչ գումարը կազմում է աշխատանքի սկզբնական արժեքի 5.321%-ը (30 814 լարի):

Ինչպես խորհրդակցության ժամանակ բացատրեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները, օրենքով իրենք իրավունք ունեն 10 տոկոս գումար ավելացնելու, իսկ թե ինչու է հենց այս գումարն ավելացվում, հանդիպմանը չպատասխանեցին։

Ինչպես պարզվեց, նախագծում հաշվի չի առնվել աշխատանքի ծավալները։

«Եռաֆազ հոսանք տեղադրելու համար հավելյալ ֆինանսավորում էր պետք, ջրի կետ էր պետք, ջուր պետք է անցկացվի, կան նաև աշխատանքներ, ավելի ճիշտ՝ թերացումներ՝ կապված բետոնի, բազալտի և այլ հավելումների հետ։ Ծավալի պակաս կար, այսինքն՝ քիչ էր բազալտը, բետոնը։ Աշխատանքները սկսվել են անցյալ տարի հոկտեմբերին, հետո հասցրել են աշխատել ընդհանուր 15 օր։ Նրանք ժամանակ ունեն ավարտելու աշխատանքները, ավելի ստույգ՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը։ Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, ապա, հիմնականում, կլինի այնպես, ինչպես նախատեսված էր։ Փոփոխություններ չկան»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ սկզբում Ախալքալաքի Ջիվանու զբոսայգու վերականգնման համար հատկացվել էր 639 232 լարի։ Աշխատանքների մրցույթը շահել է «К-ընկերությունը»՝ 580 հազար լարիի չափով։ Ընդհանուր ծախսերի 82.2%-ը պետության, 17.8%-ը՝ տեղական բյուջեի ներդրումն է։ Աշխատանքն իրականացվում է երկու փուլով. 2022 թվականին աշխատանքներ պետք է կատարվեին 525 486 լարիի չափով, 2023 թվականին՝ 113 746 լարի։ 2022 թվականին աշխատանքները պետք է իրականացվեին պայմանագրի կնքումից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում, իսկ 2023 թվականին՝ 120 օրվա ընթացքում։

Ըստ նախագծի՝ կկազմակերպվի այգու տարածքը, կենտրոնում կլինի սրճարան, կտեղադրվեն նոր նստարաններ, աղբամաններ, կլինի գեղեցիկ երկհարկանի խմելու շատրվան, կտեղադրվի գիշերային լուսավորություն։ Այգում կլինեն մանկական ատրակցիոններ։ Այգու պարագծի շուրջը հեծանվային ճանապարհ է լինելու։ Այգու ընդհանուր մակերեսը 2904 ք/մ է։