Այսօր Ախալքալաքում տարբեր կրոնների հոգևորականներ, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ քննարկեցին կրոնի կարևոր դերը խաղաղության ապահովման հարցում:

Հանդիպումը կազմակերպել էր Կրոնների միջև հարաբերությունների կենտրոնը: Կազմակերպության տնօրեն Լելա Ջեջելավան հրավիրել էր 2 փորձագետի՝ Կանոնական իրավունքի մասնագետ, աստվածաբան Լադո Նարսիային և հակամարտությունների փորձագետ Պաատա Զաքարեիշվիլիին:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ և Վրաց Ուղղափառ եկեղեցու հոգևորականները, ինչպես նաև հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ Ախալքալաքից, լրագրողներ և այլ մարդիկ։ Բանախոսները կարևորեցին այն փաստը, որ Վրաստանը բազմազգ երկիր է, և այստեղ կարևոր են նաև էթնիկ փոքրամասնություններն իրենց կրոնական և մշակութային հայացքներով:

Վրաց Ուղղափառ եկեղեցու Ջավախքի թեմի ավագ երեց Ալեքսանդր Կասրաշվիլին նշեց, որ երբ վրաց եկեղեցին վերսկսեց իր գործունեությունը Ջավախքում նպատակը մեկն էր եղել՝ խաղաղություն և սեր քարոզել։ Եվ ցանկացած հարցի շուրջ դիրքորոշումը երկխոսությունն ու հաշտեցումն է, նա կարևորեց նաև այն միջոցառումները, որոնք հայ և վրաց եկեղեցու հոգևորականները միասին են իրագործել։

Նինոծմինդայի շրջանի կաթոլիկ հայաբնակ Հեշտիա գյուղի հոգևոր հովիվ հայր Անտոնն իր խոսքում նշեց, որ Քրիստոնեությունը սերն ու խաղաղությունն է, իսկ եկեղեցին սեր ու խաղաղություն է քարոզում, մեջբերելով Աստվածաշնչյան «Սիրի՛ր մերձավորիդ» պատվիրանը, հոգևորականը հավելեց, որ երբ մենք մեր մեջ ճանաչենք սերը՝ Քրիստոսին, անհանդուրժողականություն կամ անհաշտ միջավայր չի լինի։

Անդրադառնալով հանդուրժողականության և երկխոսության թեմային jnews-ի լրագրողը հարցրեց, թե Գումբուրդոյի դեպքի ժամանակ, երբ 3 օր լռում էր, թե՛ հայ, թե՛ վրաց եկեղեցին, թողնելով ժողովրդին անորոշ իրարանցման մեջ, այս դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել անհասկանալի լռությունը։ Պաատա Զաքարեիշվիլին պատասխանեց, որ շատ դեպքերում լռությունը ավելի խելամիտ քայլ է, եթե լռել են, չի նշանակում, որ ոչինչ չեն արել, իսկ արդյունքը եղել է այն, ինչ հիմա կա։

Հանդիպմանը նաև քննարկվեցին այլ հարցեր, մասնակիցները կարևորեցին նմանատիպ քննարկումների առկայությունն այսօրվա իրականության մեջ:

Սոնա Տոնականյան