Այսօր Հին Թբիլիսիում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակը մարդաշատ էր, կիրակնօրյա պատարագից հետո բակում կազմակերպվել էր հյուրասիրություն, որից բոլորը կարող էին օգտվել:
Jnews-ը զրույց ունեցավ Մարիաննա Ութմազյանի հետ, ով ներկաներին հրավիրում էր հյուրասիրվելու:
«Ամեն կիրակի պատարագից հետո հյուրասիրություն է լինում, այսպիսով առիթ է ստեղծվում շփվելու, ճանաչելու այստեղ ապրող կամ եկող հայերի հետ, բնականաբար բացի հայերից այստեղ շատ այլազգի մարդիկ ևս գալիս են, այս հյուրասիրությունը կազմակերպում է իմ մայրը՝ Աիդա Ութմազյանը, բայց շատերը ցանկություն են հայտնում իրենց լուման ունենալ այս գործում և օգնում են թեկուզ ուտեստներ պատրաստելով»:
Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Եկեղեցու դիմաց գտնվում է մեծ հայ բանաստեղծ-երգահան Սայաթ-Նովայի գերեզմանը։
Տեղեկության համար նշենք, որ եկեղեցին հիմնանորոգվել է 2013-2015-ական թվականներին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ, հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և այլոց աջակցությամբ:
Իսկ 2015 թվականի հոկտեմբեր 31-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը:
1957 թ. Սուրբ Գևորգ եկեղեցու բակ է տեղափոխվել 4 անվանի հայազգի զորավարների աճյունները, որոնք պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին:
Լիդա Ալմասյան