Ախալքալաքում աղբահանության խնդիրը միշտ արդի է։ Գյուղի բնակիչները չգիտեն, թե որտեղ լցնեն աղբը և այն թափում են անտառներում կամ գյուղի ծայրամասերում։ Քաղաքում ևս աղբը հաստատել է փոքրիկ «իշխանություններ»:
Ախալքալաքի բերդի դիմաց գտնվող ջրանցքները գտնվում են շատ կեղտոտ վիճակում, ամբողջությամբ լցված են պոլիէթիլենային տոպրակներով և շշերով։
Ախալքալաքի պետական նշանակության մայրուղիները սպասարկում է «Ջավախ ավտո գզա» ընկերությունը: Կազմակերպության փոխտնօրեն Ջաբա Ձիռկվաձեն ասաց։
«Մեր աշխատողները հետևում են, որպեսզի փողոցները մաքուր լինեն, ամեն օր չենք մաքրում, երբ որ կեղտոտվում է, այդ ժամանակ ենք մաքրում, սակայն եթե պետք է կաշխատենք նաև ամեն օր, կամ երկու օրը մեկ։ Բերդի մոտ գտնվող ջրանցքները երեկ մաքրում էինք, սակայն ձյան պատճառով դադարեցրինք աշխատանքները, եթե եղանակները լավանա կշարունակենք մաքրել», – ասաց նա։
Ինչ վերաբերում է գյուղերում աղբարկղների տեղադրմանը, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասաց.
«Հույս ունենք, որ մեզ կհատկացնեն 100 աղբարկղ, Սակրեբուլոյի և մեր որոշմամբ, կվորոշենք, թե որ գյուղերում տեղադրենք։ Արդեն ողջունելի է, որ այն գյուղերում, որտեղ որ աղբարկղ կա, ժողովուրդը աղբը բերում լցնում է արկղներ, սակայն կան այնպիսի տեղեր, որ տեղադրել ենք մի աղբարկղ, սակայն քիչ է, մարդիկ աղբը արկղի մոտ են դնում», – ասում է նա։
Այն գյուղերը, որտեղ տեղադրված է աղբարկղ, աղբահանությունը շաբաթական երեք անգամ է կատարվում:
Խանդո գյուղի բնակիչները աղբարկղ չունենալու պատճառով գյուղից դուրս մի տարածքում մեծ հոր են փորել և աղբը այնտեղ են լցնում, սակայն այդ հորը նույնպես լցվել է։
Ախալքալաքի գյուղերում թափված աղբը այնքան շատ է, որ նույնիսկ ձյունը չի փակում այն։
Գայանե Ակոջյան