10.11.2022
Views: 522 |
Author:
Agunik Ayvazyan
«Transparency International — Georgia» (TIG) կազմակերպությունն անցկացրել է էլեկտրոնային աճուրդի եղանակով Սամցխե-Ջավախքում պետական հողամասերի գնման ուսումնասիրություն: Այս ուսումնասիրության արդյունքում կազմակերպությունը բացահայտել է հնարավոր կաշառակերությունը սեփականաշնորհման գործընթացում՝ հիմնվելով այն փաստի վրա, որ «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցները և նրանց ընտանիքների անդամները հաճախ առանց մրցույթի 2013-2021 թվականների ընթացքում բավականին մեծ քանակով գույք են գնել:
Նոյեմբերի 9-ին հրապարակվել է «TIG»-ի հաշվետվությունը հողամասերի սեփականաշնորհման վերաբերյալ։ Այսպես, հաշվետվության համաձայն՝ 2013-2021 թվականներին Սամցխե-Ջավախքում «Վրացական երազանքի» հետ առնչություն ունեցող և պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները (ընդհանուր 39 սուբյեկտ) 54 էլեկտրոնային աճուրդով գնել են 129775 ք.մ հողատարածք։ Ընդհանուր առմամբ, գնվել է 7 725 685 լարիի չափով հողատարածք։ Դրանցից օտարված հողամասի 75%-ը (97417ք.մ.) վաճառվել է 2938300 լարիով, առանց մրցույթի։ Բացի այդ, 8 օբյեկտ՝ 378 223 քառ.մ ձեռք է բերվել 1 458 387 լարիով, ուղիղ վաճառքի միջոցով։
Ողջ շրջանում՝ 2013-2021 թթ-ին, 23 պաշտոնատար անձինք կամ նրանց ընտանիքի անդամները ձեռք են բերել 61 511ք.մ. հողատարածք, որից 93,7%-ը ձեռք է բերվել առանց մրցույթի և առաջին քայլից։ Դրանցից 7-ն Ախալքալաքում են եղել, 2-ը՝ Նինոծմինդայում, իսկ մնացած մեծ մասը՝ Ախալցիխեում։
Ախալքալաքի պաշտոնատար անձանց կամ նրանց ընտանիքի անդամների շրջանում ուսումնասիրության մեջ ընդգրկված են.
- Ասյա Դանիելյանը 30.09.2014թ.-ին էլեկտրոնային աճուրդով, առանց մրցույթի՝ 27 000 լարիով գնել է 1421 ք.մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ շինությունով (նախկին լվացքատան): Այդ ժամանակ Ախալքալաքի մունիցիպալիտետի գամգեբելին էր նրա որդին՝ Հարություն Հովհաննիսյանը։
- Երկու շաբաթ անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին, Հարություն Հովհաննիսյանն ինքը 28 500 լարիով ձեռք է բերել 1 351 ք.մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք նույն հասցեում՝ Ախալքալաքի Մալխասյան փողոցի թիվ 2 հասցեում:
- «Մեեկի» ՍՊԸ-ն էլեկտրոնային աճուրդով, 2016թ.-ի փետրվարի 25-ին, Ախալքալաքի շրջանում՝ Կարծախում, 92 000 լարիով ձեռք է բերել 1500քմ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս։ «Մեեկի»-ն Հենզել Մկոյանի ընտանեկան ընկերությունն է, ով այն ժամանակ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր էր՝ ընտրված «Վրացական երազանք»-ից:
- 2016 թվականի մարտի 30-ին, Արթուր Իրիցյանը էլեկտրոնային աճուրդով 21 100 լարիով գնել է 676 ք.մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս Ախալքալաքի Կոթելիա գյուղում։ Այդ ժամանակ Ախալքալաքի Սակրեբուլոյի փոխնախագահը նրա եղբայրն էր՝ Նաիրի Իրիցյանը:
- Վարդ Մոսոյանը՝ 2017 թվականի մարտի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Թոթխամ գյուղում գնել է 1308 ք.մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Աճուրդն անցկացվել է առանց մրցույթի, գնումը կատարվել է 8000 լարիով։ Այդ ժամանակ նա Վրաստանի Միավորված ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի կառավարիչն էր:
- Էդուարդ Սահարյանը՝ 2018 թվականի հունիսի 23-ին, 9500 լարիով, առանց մրցույթի, Ախալքալաքի Վաչիան (Խարթա) գյուղում գնել է 4400 ք.մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք կիսաքանդ կառույցով: Այդ ժամանակ նրա եղբայրը՝ Աշոտ Սահարյանը Ախալքալաքի Սակրեբուլոյում «Վրացական երազանք-Պահպանողականներ» խմբակցության նախագահն էր:
- 2020 թվականի նոյեմբերի 24-ին, Արթուր Մկոյանը 3900 լարիով գնել է 325 ք.մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Դիլիսկա գյուղում։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Ախալքալաքի Սակրեբուլոյի «Վրացական երազանք-երիտասարդություն» խմբակցությունը:
TI զեկույցում ներկայացված են նաև «Վրացական երազանք» կուսակցության հետ «սերտ» մարդկանց կողմից հողամասեր գնելու վերաբերյալ տվյալներ։ Ընդհանուր առմամբ, բերված են տվյալներ 8 սուբյեկտի վերաբերյալ, որոնցից մեկն Ախալքալաքից է։
- Սամվել Գոգորյանը 2019 թվականի մայիսի 31-ին Ախալքալաքում 41 000 լարիով 1629 քմ մակերես ունեցող ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք է գնել Աղմաշենեբելի փողոցից ոչ շատ հեռու։ Նա խորհրդարանում «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Սամվել Մանուկյանի բիզնես գործընկերն է։ Այն ժամանակ Սամվել Գոգորյանն ու Սամվել Մանուկյանը «Geofood» ՍՊԸ-ի 50-50%-ի համասեփականատերերն էին:
Հաշվետվությունում նաև տվյալներ են մեջբերված Բիձինա Իվանիշվիլիի անվան հետ կապված ընկերությունների կողմից հողամասերի գնման հնարավոր կոռուպցիայի մասին, սակայն 8 ընկերությունների մեջ չկա որևէ մեկը, որը առնչություն է ունի Ախալքալաքի հետ, նրանք բոլորը հողամասեր են գնել Աբասթումանիում։
«TI» կազմակերպության համար կասկածելի են թվում նաև ուղղակի սեփականաշնորհման որոշ դեպքեր, սակայն այստեղ ևս Ախալքալաքից դեպքեր չկան։