Ըստ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության աշխատաշուկայի վերլուծության, Վրաստանում ամենամեծ զբաղվածության կայքի` HR.ge-ի տվյալների հիման վրա այսօր ամենաշատ պահանջարկ ունեն վաճառքի ոլորտի աշխատողները:
Պահանջվող մասնագիտությունների ընդհանուր թվից, վաճառքի ոլորտի աշխատողների պահանջարկը կազմում է 24.4%: Պահանջարկ կա նաև բիզնեսի և կառավարման ոլորտում (բրոքերների և վաճառքի գործակալների, կոմերցիոն ծառայության գործակալների)՝ 14.36%:
Այնուհետև ուղղակիորեն գալիս են բիզնեսի և կառավարման ոլորտի մասնագետները (ֆինանսների, կառավարման, մարկետինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետները)` 7.93% :
Վրաստանում մեծ պահանջարկ կա վարչարարական ու առևտրային հարցերով կառավարիչների` 6.52%: Պրոֆեսիոնալ մասնագետների պահանջարկ կա նաև առողջապահության ոլորտում` 4.86%:
Բացի այդ, պահանջարկ ունեցող մասնագիտությունների շարքում են արտադրության և հատուկ ծառայության ղեկավարները` 4.79%: Հետո գալիս են անհատական սպասարկման աշխատողները` 4.32%, ապա սպառողական ծառայության աշխատակիցները` 4.19%: Ցանկը փակում են տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները՝ 3,98%:
Վրաց փորձագետները բազմիցս հայտարարել են, որ Վրաստանում կան աշխատատեղեր, սակայն նկատելի է որակյալ կադրերի պակասը: Նրանց կարծիքով, որոշ գործարարներ փորձում են լուծել կադրերի խնդիրը արտասահմանից մասնագետների ներգրավմամբ: Առկա խնդիրները լուծելու համար, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնագիտական քոլեջները, նրանց կարծիքով, պետք է հաշվի առնեն աշխատաշուկայի պահանջները:
Հենց այդ պատճառով Վրաստանի կառավարությունը ակտիվորեն ձեռնամուխ է եղել երկրի մասնագիտական կրթության զարգացման և նոր կրթական ծրագրերի ներդրմանը: Մասնագիտական ուսումնական հաստատությունների և Մասնագիտական կրթության զարգացումը, Կրթության նախարարության աշխատանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Վարչությունը մտադիր է ցուցաբերել բոլոր հնարավոր աջակցությունը մասնագիտական ուսումնական հաստատություններին, համապատասխանեցնել նրանց աշխատաշուկայի պահանջներին, ավելացնել սովորողների թվաքանակը:
Նյութը` Спутник Грузия