Փետրվարի 19-ին Jnews.ge-ն ահազանգ էր ստացել Խուլգումոյի բնակիչներից գյուղի գազատար խողովակներից արտահոսող տհաճ հոտի մասին։ Պատասխանատու ՍՊԸ «Գազտրանս սպասարկում» ընկերությունն անմիջապես արձագանքեց մեր հոդվածին:
Բնակիչներն իրենց խոսքում նշում էին, որ շատ անգամ էին դիմել իրավասու համապատասխան մարմիններին խնդիրը լուծելու համար, սակայն մինչ օրս որևէ պատասխան չէին ստացել։
Jnews.ge-ին հետամուտ լինելով խնդրին դիմեց SJGC գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանին, սակայն պարզվեց, որ պատասխանատուն «Գազտրանս սպասարկում» ՍՊԸ-ն է։ Այնուհետև կապ հաստատեցինք ՍՊԸ «Գազտրանս սպասարկում» ընկերության տնօրեն Ռոստոմ Ցերցխվաձեի հետ, նա տեղյակ չէր խնդրի մասին:
Փետրվարի 20-ին, ՍՊԸ «Գազտրանս սպասարկում» ընկերության օպերատիվ աշխատակիցները հեռացրել են Խուլգումո գյուղի մոտ գտնվող օդորանտի տակառները։ Երկու օրվա ընթացքում հոտը համեմատաբար թեթևացել է և բնակիչները հույսով են, որ այլևս այդ տհաճ հոտը չեն «վայելի»։
Պարզվում է այդքան ժամանակ մարդկանց անհանգստացնող հոտը, ոչ թե գազի, այլ օդորանտ նյութի հոտն էր, և այն քամու միջոցով տարածվում էր օդորանտի տակառներից, որոնք աշխատակիցները նյութը խողովակներ ավելացնելուց հետո չէին հեռացրել:
Գայանե Ակոջյան