Երևանյան փողոցի վերջնամասի բնակիչները տարիներ շարունակ տանջվում են խոնավությունից, այն բանից հետո, երբ 2019թ.-ի վերջին հարակից Աղմաշենեբելի փողոցը վերականգնվեց՝ խոնավությունը շատացավ, բնակիչները մտավախություն ունեն, որ մշտական խոնավությունը կարող է խարխլել նրանց տների հիմքերը: Նրանք նշում են, որ պատրաստ են ծայրահեղ միջոցների գնալ և պատրաստվում են դիմել քաղաքապետարան:

Erevanyan

Ըստ Երևանյան փողոցի բնակիչ Աշոտ Մկրտչյանի, այս փողոցում նախկինում էլ կային ջրափոսեր, բայց ոչ այնքան մեծ, որքան հիմա են:

«Անձրևների ժամանակ փողոցի այս հատվածում անընդհատ ջրափոսեր են առաջանում, նկուղներում միշտապես խոնավ է, բայց Աղմաշենեբելի կենտրոնական փողոցի վերականգնումից հետո իրավիճակը ավելի է վատթարացել», – ասում է նա:

Ըստ բնակիչների՝ քաղաքում ջրահեռացման համակարգի բացակայության և փողոցում սխալ հաշվարկված մակարդակի պատճառով կոյուղաջրերը հոսելու տեղ այլևս չունեն, և դրանք ներծծվում և թափվում են նկուղներ:

Աղմաշենեբելի-Երևանյան խաչմերուկի մերձակայքում գտնվող տների բնակիչներն անհանգստացած են, որ անձրևները դեռ չեն սկսվել, բայց մարդիկ այլևս չեն կարող դուրս գալ իրենց տներից, քանի որ դրանք շրջապատված են մեծ ջրափոսերով:

Ըստ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենի, որն իրականացնում է Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումը, Աղմաշենեբելիի հատվածի վրա աշխատանքները դեռ ավարտված չեն: Ինչպես վստահեցնում է ընկերության տնօրենը, նրանք ամեն ինչ անում են ըստ կանոնակարգի:

«Նորոգման աշխատանքների վերջնական ավարտից հետո այլևս խնդիրներ չեն լինի», – ասաց Ջաբա Ձիրկվաձեն:

Աղմաշենեբելի փողոցում սալարկուղու ասֆալտապատումն արդեն ավարտված է, սակայն մայթային և այլ աշխատանքները դեռ չեն կատարվել:

Այնուամենայնիվ, դեռևս անհայտ է, թե երբ վերջնականապես կավարտվեն վերանորոգման աշխատանքները:

Վերականգնման մասին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը:

Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցում էին չորս ընկերություններ՝ «Արալի», «Բլեքսի գրուփ», «Մամիսոն» և «Ճանապարհաշինության N1 վարչություն»:

Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով:

Այնուամենայնիվ, վերակառուցումն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է:

Թե արդյո՞ք Աղմաշենեբելի փողոցում ավարտական վերականգնողական աշխատանքները կօգնեն Աղաշենեբելի-Երևանյան խաչմերուկի մոտակայքում գտնվող տների խոնավության խնդրին, պարզ կդառնա 2020 թվականի հոկտեմբերին:

Բրատիսլավ Իգիթխանյան