Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Ադրբեջանի մի քաղաքացի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի ընթացքում նախ ադրբեջաներենով վիրավորական արտահայտություններ է հնչեցնում հայերի ու Հայաստանի հասցեին, հակահայկական կոչեր անում, դիմում համաքաղաքացիներին, հորդորելով «հայկական բոլոր դեսպանատների և եկեղեցիների մոտ ակցիաներ անել՝ Ղարաբաղի ազատագրման համար»:

Տեսանյութի երկրորդ մասում տղամարդը տրորում է Կոլումբիայի դրոշը որպես հայկական, թքում վրան, հետո այրում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին: Տղամարդը եղել է Վրաստանի քաղաքացի հանդիսացող ևս երկու ադրբեջանցու հետ, նրանք ներկայացել են որպես օտարերկրա զբոսաշրջիկներ ու նկարահանումներ են արել եկեղեցու բակում ու ներսում՝ չնայած եկեղեցու սարկավագն արգելել է նկարահանել:

Սրբազանն ասում է՝ տեսանյութի շարունակությունը, որ իբր թե եկեղեցու բակում տղամարդը հայկական դրոշ է վառում, մոնտաժված է, դա չի կատարվել ո՛չ բակում, ո՛չ էլ դրսի կողմից: Այդպիսի տարածք Սուրբ Գևորգի հարևանությամբ պարզապես չկա:

Վիրահայոց թեմը դեպքից օրեր անց նշված տեսանյութն ու նաև եկեղեցու անվտանգության տեսախցիկների նկարահանած նյութերն ուղարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն: ՆԳՆ-ն դեպքի կապակցությամբ գործ է հարուցել, եկեղեցու սարկավագը ներգրավվել է որպես գործով վկա: Քննությունը պարզել է, որ տեսանյութի հեղինակն Ադրբեջանի քաղաքացի է, արդեն պարզվել է նաև, երբ է եկել Թբիլիսի և երբ մեկնել, իսկ նրան ուղեկցող ևս երկուսը (այս տեսանյութում չեն երևում, նրանց ֆիքսել են Սբ. Գևորգի անվտանգության տեսախցիկները) Վրաստանի քաղաքացիներ են:

Թեմը նամակով դիմել է նաև արտաքին գործերի նախարարություն, տեղեկացվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ևս:

«Այս մարդու արարքը դատապարտելի է ոչ միայն հայերի, այլև ադրբեջանցիների համար: Ես զրույց եմ ունեցել նաև Վրաստանում գործող ադրբեջանական հոգևոր առաջնորդների հետ, ովքեր նույնպես դատապարտել են նման պահվածքը, ինչը կարող է ժողովուրդների միջև հակառակություններ ու լարվածություն բերել: Սա, հավանաբար, Ադրբեջանի որոշ գործիչների կողմից արվում է, որ Վրաստանին ներգրավեն ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտության մեջ: Սրա ապացույցն է նաև Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած ցույցը, որն օդից ուղղակի արհեստածին շարժում էր՝ նպատակ ունենալով բորբոքել կրքերը,և Վրաստանին արհեստականորեն ներգրավել այս ամբողջի մեջ»,— ասում է թեմակալ առաջնորդը:

Սրբազանը վստահ է, որ հայ համայնքից բացի՝ Վրաստանի իշխանություններն ու Վրաստանի ադրբեջանաբնակ համայքների բնակչության զգալի մեծամասնությունը ևս չեն կիսում նման մոտեցումները: Ասում է՝ հակառակն էլ է լինում: Ադրբեջաբնակները շատ հաճախ մեր եկեղեցիներ են գալիս, քահանայի օրհնություն ստանում:

Քանի որ հարյուրավոր զբոսաշրջիկներ են ելումուտ անում եկեղեցի, դժվար է վերահսկել ու տարբերակել՝ ով ով է: Այժմ արգելվել է Թբիլիսիի հայկական եկեղեցիների տարածքում ֆոտո և տեսանկարահանումները՝ առանց տեղի հոգևորականի թույլտվության:

Սրբազանը դժվարանում է պատասխանել՝ ինչու է հենց հիմա՝ ամիսներ անց տեսանյութն ակտիվորեն տարածվում, ասում է՝ գուցե պարզապես հայկական լրատվամիջոցնների ուշադրությունը նոր է կետրոնացել:

Նյութը՝ Aliq Media-ի