Հուլիսի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Սոխումիի պետական համալսարան՝ վերջինիս ռեկտոր Զուրաբ Խոնելիձեի հրավերով։ Ռեկտորի հետ ունեցած առանձնազրույցից հետո ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ա.Սմբատյանն ընդգծել է համալսարանական դիվանագիտության նշանակությունը Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղության հաստատման հարցում։ Այս համատեքստում կարևորելով համալսարանականների՝ տարածաշրջանում առկա խնդիրների և անկախ աշխարհագրությունից ու ազգությունից մարդու իրավունքների խախտումների անընդունելիության մասին ազատ և անկաշկանդ խոսելու հնարավորությունը՝ ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը: