Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ստամոքսի վիրահատությունից 7 օր անց մահացած 19-ամյա Սարգիս Սահակյանի տունը գտնվում է Փոկա գյուղի ծայրամասում։ Գյուղացիներն այնտեղ են ուղղվում նրա ընտանիքին, ծնողներին ու երկու եղբայրներին զորակցելու։ Մահացածի հարազատները չգիտեն, թե ինչպես և ինչ հանգամանքներում է մահացել Սարգիսը, և ով է պատասխանատու նրա մահվան համար։

Փոկայի բնակիչները հավաքվել են Սահակյանների տան բակում։ 25 օր առաջ Սարգիսը՝ Փոկա գյուղից ևս 6 երիտասարդ տղաների հետ միասին, ծառայության է անցել Ախալքալաքում։ Հարազատները չեն կարողանում ընտելանալ այն մտքին, որ իրենց ողջ առողջ տղան այլեւս կենդանի չէ, ոչ էլ այն մտքին, որ իրենց հարցերի պատասխանները չունեն, թե ինչու է երիտասարդը մահացել և ով է պատասխանատու վերջինիս մահվան համար։

«Երբ վիրահատությունից հետո ծնողներն իրենց որդուն Ախալցիխեի հիվանդանոցից տարել են տուն, նրանց զանգահարել են և ասել, որ վերադարձնեն զորամաս, ասել են՝ կա՛մ դատի կտանք, կա՛մ կտուգանենք 15 հազար լարիով։ Նրանք իմացել են, որ երիտասարդը բարդ վիրահատություն է տարել, նրանք ինչպե՞ս կարող էին այդկերպ վարվել։ Քանի որ նա զինվորական է, նրա համար պետք է պատասխան տան, նա ընդամենը 25 օր է ծառայել, անգամ չի հասցրել զինվորական երդում տալ։ Այլ հարց է, թե ինչու են նրան զորակոչել բանակ՝ իմանալով, որ նա հիվանդ է եղել։ Միթե՞ չեն ունեցել հանձնաժողով։ Ամբողջ գյուղը գնացել է երեկ տղային բերելու, մարդ չի եղել, միայն լրագրողներն են եղել։ Ոչ զինվորականները, ոչ ոստիկանությունը չեն զանգել, որ ասեին երեխան մահացել է, ինչ-որ ծանոթ է զանգել։ Այս երկրում լրիվ անկարգություն է, ինչպես կարելի է նման բան»,- ասում են գյուղի կենտրոնում հավաքված գյուղացիները։

Համագյուղացիները հավաքվել նրանց տան բակում՝ տանը, միջանցքում նստած են մերձավոր բարեկամները, պապը, հորեղբայրները… Ներսում ծնողներն ու մյուս բարեկամները լաց են լինում ու սգում։ Նրանք ոչ մեկի հետ խոսելու ուժ ու ցանկություն չունեն։

«Մեզ ոչ մի բանի մասին չեն հարցրել, ոչ մի բանի մասին չեն խոսել։ Սա անօրինական վիրահատություն է, նրան տարել են Ախալցիխե, վիրահատել, բերել Ախալքալաքի զինվորական հոսպիտալ (խմբ. Լազարեթ զորամասում), որտեղ էլ նա մահացել է։ Հեռախոս նա չուներ, որ մեզ տեղեկացներ, որովհետև նրանց հեռախոսները խլում են։ Երկրորդ օրը մեզ միայն տեղեկացրեցին, որ վիրահատել են, երեք օր նա անցկացրել է հիվանդանոցում, լավ է եղել, հետո դուրս են գրել, առանց զինկոմիսարիատին տեղյակ պահելու, մեզ ասել են, որ եկեք ձեր տղային տարեք։ Երեխային մենք տարանք տուն, նա իրեն լավ էր զգում տանը։ Հետո զանգեցին զորամասից և ասացին, որ տանենք զորամաս, որպեսզի պառկի իրենց հիվանդանոցում: Մենք նրան այնտեղ տարանք, գիշերն անցավ և ցերեկվա ժամը մեկին տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց, բայց նա արդեն մահացած է եղել։ Միայն ժամը 4-ին տեղեկացանք, որ նա մահացել է, դա էլ կողմնակի կապերի միջոցով։ Ասացին, որ փորձաքննությունը կարող է տևել երկու ամիս։ Ոչ ոք ոչինչ չի ասում, պատասխաններ չունենք, երեկ գնացել էինք երեխայի դին դիահերձարանից բերելու, միայն ոստիկանությունն էր կանգնած, ուրիշ ոչ ոք չկար։ Ոչինչ չեն ասում»,- ասում է Սարգիս Սահակյանի հարազատներից մեկը։

19-ամյա Սարգիսն ունի երկու կրտսեր եղբայր։

Պաշտպանության նախարարությունից Jnews-ին հայտնել են, որ Ռազմական ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու երիտասարդի մահվան պատճառը։

Ախալքալաքոււմ 19-ամյա զինծառայող է մահացել

Ախալքալաքի հիվանդանոցի բժիշկ Ալեքսան Թորոյանն ասում է, որ փորձաքննությունը պետք է բացահայտի ստույգ պատճառը, սակայն մեծ է հավանականությունը, որ 19-ամյա տղայի մահը թրոմբոէմբոլիայի հետևանք է։

Բժիշկը՝ փոկացի տղայի մահվան մասին. «Նման հանկարծակի մահ լինում է թրոմբոէմբոլիայի դեպքում»