Ախալքալաքում Էլեկտրաէներգիա սպառողները ահազանգում են, որ իրենք հունվար ամսվա դիմաց վճարելու են ավելի շատ և բարձրացված սակագնով, քան իրականում ծախսել են: Իսկ Energo Pro Georgia ընկերությունից վստահեցնում են, որ բաժանորդները կվճարեն հին սակագնով:
Հունվարի 22-ին Ախալքալաքի Սակրեբուլոյի լիագումար նիստին «Հայրենասերների դաշինքի» խմբակցության նախագահ Զաքար Զաքարյանը բարձրացրեց էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները:
«Էլեկտրաէներգիայի սակագինը հունվարի 1-ից բարձրանում է, իրենք այնպես են դասավորում, հաշվիչի թվերը գրանցում, որ բաժանորդը բարձր թիվ վճարի»,- ասաց նա:
Որոշ պատգամավորներ ևս հաստատեցին Զաքարյանի ասածները նշելով. «Մենք բոլորս հաղորդագրություն ստացանք հունվարի 3-ին, թե ինչքան է գրել լույսը: Ինչու՞, ո՞վ էր աշխատում այդ օրերին, պարզ է որ նախօրոք են գրանցել հաշվիչի թվերը, որպեսզի բնակչությունը ոչ միայն թանկացված սակագնով վճարի, այլև թանկ տարիֆով»,- նշեց մեկ այլ պատգամավոր Ջումբեր Լոմսաձեն:
Ախալքալաքի փողոցներում մեր հարցուփորձի ժամանակ մարդիկ նշում են, որ Energo Pro Georgia ընկերությունն իրենց խաբում է:
«Մեր տան հաշվիչի թվերը 27-ին է գրանցել: Դեկտեմբերի 28, 29, 30 և 31-ին մենք ամենաշատն ենք լույս ծախսում, իսկ հունվարի 1-ից սակագինը թանկացավ, տեսեք իրենք այնպես են անում, որ մենք ընկնենք թանկ տարիֆների մեջ գումարած դրան արդեն բարձրացված գնով պետք է վճարենք: Ինչու մնացած ամսիներին ամսի 8-9-ից սկսած էին հաղորդագրություններ ստանում, ու՞մ է ձեռնտու»,- ասում են բնակիչները:
Վերոնշյալ խնդրի շուրջ պարզաբանում ստանալու համար Jnews-ը կապ հաստատեց Energo Pro Georgia էներգաբաշխիչ ընկերության հետ: Ընկերության կապի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ հաշվիչի թվերը գրանցվել է դեկտեմբերի 27-ին, սակայն դա չի նշանակում, որ բաժանորդները թանկ սակագնով են վճարելու:
«Թվերը վերցրել են 27-ին, որովհետև հաջորդ օրերին նրանք հանգստանում էին, Նոր տարի էր, ընկերությունը հանգստանում էր: Այդ թվերը կհաշվվեն հին տարիֆով, իսկ այն թվերը, որոնք կվերցնեն հունվարի վերջին օրերին կհաշվվի նոր տարիֆով: Դեկտեմբերի 3 օրերը կահշվվի հին տարիֆով, կա հատուկ ֆորմուլա, վերցնում են թվային միջին տվյալները օգտագործած էլեկտրաէներգիայի, և այդ երեք օրերը կհաշշվի հին տարիֆով», – պարզաբանեցին Վրաստանի Energo Pro Georgia էներգաբաշխիչ ընկերության Կապի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Energo Pro Georgia ընկերության բաժանորդները օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց նախկինի համեմատ 2,28 թեթրիով ավելի են վճարելու 1 կվտ\ժ համար:
Սպառած էլեկտրաէներգիայի վճարման կարգը բաժանվում է հետևյալ կերպ.
Եթե ամսական չի գերազանցում 101 կՎտ/ժ, ապա վճարում է 14.3367 թեթրի 1 կՎտ\ժ համար, նախկին 12.95404 թեթրի 1 կՎտ\ժ փոխարեն:
Եթե ամսական ծախսում է 101 կՎտ\ժ-ից մինչև 301 կվտ\ժ ներառյալ, ապա վճարում է 18.213 թեթրի 1 կՎտ\ժ համար, նախկին 16.93064 մեկ կՎտ\ժ-ի փոխարեն:
Եթե ամսական ծախսում է 301 կՎտ\ժ և ավելին, ապա վճարում է 22.7331 է 1 կՎտ\ժ, նախկին 21.45004 է 1 կՎտ\ժ-ի փոխարեն:
Աղունիկ Այվազյան