Արագվա գյուղի դպրոցի կիսախարխուլ մարզադահլիճը վերակառուցվեց բարերարի միջոցներով և իր դռները բացեց սպորտասեր երիտասարդության առջև:

Գյուղի դպրոցը գործում է 1986 թվականից և մինչ օրս մարզադահլիճում որևէ վերանորոգում չէր իրականացվել: Ուղիղ 9 ամիս առաջ դպրոցի տնօրենը դիմել էր բարերար Նորիկ (Մարտիրոս) Սևիկյանին, խնդրանքով որ մարզադահլիճը վերանորոգի: Բարերարն անմիջապես արձագանքել է տնօրենի խնդրանքին և կարճ ժամանակ անց սկսվում են վերանորոգման աշխատանքները:

erexaner

11մ լայնություն և 24մ երկարություն ունեցող մարզադահլիճն այսօր անճանաչելի էր, ընդարձակ, սակայն քարուքանդ դահլիճը վերածվել է եվրոպական չափանիշներին համապատասխան կառույցի, որտեղ երեխաները կարող են տաք ու գեղեցիկ միջավայրում զբաղվել տարբեր սպորտաձևերով:

gndakner

Դպրոցի տնօրեն Անդրեաս Աբդոյանը նշում է, որ իրենց գյուղի երեխաները սիրում են սպորտը: Դրա վառ ապացույցն այն է, որ երեխաները մասնակցում են տարբեր մրցույթների, որտեղից վերադառնում են լավագույն արդյունքներով:

«Շատ շնորհակալություն մեր հովանավորին, որ այսպիսի մեծ նվեր արեց մեր գյուղին: Շատ սիրելով սպորտը նա ամեն տարի սպորտային պարագաներով օգնել է մեր դպրոցին: Սա շատ մեծ պարգև է մեր գյուղին: Շատերը փող ունեն, սակայն ոչ բոլորն են այսպիսի նվիրյալ գործ անում: Մեր երեխաները մասնակցում են բազմաթիվ մրցույթների, և միշտ առաջատար տեղեր են զբաղեցնում: Սպորտը կոփում է, այսօր մեր երեխաները ազատ ժամանակ չունեն դպրոցից վազում են դահուկի, թենիսի, այս մարզադահլիճը կնպաստի, որ մեր գյուղում էլ ավելի զարգանա սպորտը», – ասաց դպրոցի տնօրենը:

shnorhakalagir

Մարզադահլիճի բացման արարողությանը բարերարն անձամբ չէր կարողացել ներկայանալ: Շնորհակալագիրն ու գովասանքի խոսքերն ընդունեց ներկայացուցիչը:

Բացման արարողությանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետը, Ժողովի նախագահը, Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը, տարբեր ծառայությունների աշխատակիցներ, գյուղացիներ և պարզապես սպորտասերներ:

pashtonyaner

Պաշտոնյաները ևս շնորհակալություն հայտնեցին բարերարին և իրենց հերթին խոստացան բռնցքամարտի մարզիչ ուղարկել գյուղ, որպեսզի այս սպորտաձևը ևս զարգանա:

Նշենք, որ Արագվա գյուղի հանրային դպրոցը միանգամից երկու կարևոր իրադարձություն է նշում: Սովետական միության փլուզումից հետո երկար տարիներ անց վերջապես դպրոցը ջեռուցվում է ընդհանուր համակարգով: Երեխաներն ու ուսուցիչներն այլևս ստիպված չեն ծխի, խեղդող օդի պայմաններում դաս անցկացնել:

marzadahlij

Աղունիկ Այվազյան