Օրջա գյուղի հանրային դպրոցը ջեռուցման համակարգ չունի, աշակերտների ծնողները դժգոհում են, որ երեխաները հաճախ են հիվանդանում դպրոցում ցուրտ լինելու պատճառով: Դպրոցը ենթակառուցվածքային բարեփոխումներ չի կարող անել, քանի որ շենքը նախարարությանը չի պատկանում:
Օրջա գյուղի առաջին դպրոցը կառուցվել է 1950 թվականին և գործել է մինչև 1999 թվականը: Այնուհետև վթարային վիճակի պատճառով դադարեցվել է շենքի շահագործումը: Ստիպված գյուղի մշակույթի տան համար նախատեսված շենքը սկսել են օգտագործել որպես դպրոց, համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Քանի որ շենքը չի պատկանում Կրթության և գիտության նախարարությանը, այն երբեք չի նորոգվել, ջեռուցման համակարգ չի անցկացնել, ինչպես նաև դպրոցը առանց սպորտդահլիճ է մնացել:
Դպրոցի 1-ին և 2-րդ շենքերը
Դպրոցում դասավանդում է 14 ուսուցիչ, սովորում՝ 69 աշակերտ։ Դպրոցը չունի 10-րդ և 12-րդ դասարաններ, քանի որ աշակերտ չկա, գյուղում մեծ ուրախությամբ նշում են, որ այս տարի դպրոցն ընդունել է 11 առաջի դասարանցիներ։
Փայտի վառարանները դպրոցը չեն տաքացնում։ Հայկուշ տատիկը իր երկու թոռնուհիներին ուղարկում է Օրջա գյուղի դպրոց, շատ գոհ է և՛ ուսուցչական կոլեկտիվից, և՛ տնօրենից, նա նշում է, որ երբևիցե երեխաների դասերը ազատ չեն անցել, սակայն անհանգստանում է թոռնիկների առողջության համար։
«Փայտ են վառում դպրոցում, նորմալ ջեռուցման համակարգ չկա, երեխաները հիվանդացած տուն են գալիս։ Առաջ ինքներս էինք գնում և վառում վառարանները, սակայն հետո մեր տնօրենը այլևս մեզ չթողեց վառարանները վառելու և ինքը կարգավորեց այդ հարցը, բայց միևնույնն է դպրոցը շատ ցուրտ է», – ասաց Հայկուշ Բասենցյանը։
Որոշ ծնողներ էլ նշեցին, որ փայտի ծխից երեխաների շորերը սևանում են, երբ դպրոցից հետո տուն են վերադառնում, լվացվելուց ձեռքերից սև ջուր է թափվում։
Դպրոցի տնօրեն Նվեր Մինասյանի խոսքերով դպրոցը նորոգման կարիք ունի․
“Այս շենքը որպես դպրոց գրանցված չէ, այդ իսկ պատճառով էլ ես մի մեխ անգամ մեխելու իրավունք չունեմ։ Ժամանակին շրջանի համարյա բոլոր դպրոցների դուռ-պատուհանները փոխեցին, իսկ մերը չփոխեցին, քանի որ որպես դպրոց գրանցված չէ, սակայն ես փորձել եմ ֆինանս կուտակել և իմ ուժերով կտուրի կեսը նորոգել եմ։ Հիմա գործը ընթացքի մեջ է, հուսով ենք շուտով ամեն ինչ կկարգավորվի»։
Տնօրենը ափսոսանքով է խոսում այն գրքերի մասին, որոնք թողել է հին դպրոցում։ Այս շենք չի կարող բերել, քանի որ կտուրից ջուր է կաթում։
Կրթության և գիտության ու մշակույթի նախարարությունների փոխհամաձայնեցմամբ շենքը արդեն բաժանել են, մի մասը որպես մշակույթի տուն, իսկ մյուսը՝ դպրոց։ Այն տարածքը, որը նախատեսված է դպրոցի համար, լիովին բավարարում է աշակերտների քանակին, պարոն Մինասյանը անգամ բուֆետի տեղն է գծագրել, ցանկություն ունենալով ստեղծել հարմարավետ դպրոց սաների համար։
Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանն ասում է, որ շուտով խնդիրը կլուծվի:
«Ըստ կանոնադրության, դպրոցը իրավունք չունի ֆինանս ծախսելու այն շենքի համար, որը իր բալանսի վրա չէ, այդ շենքը մշակույթի տան կառույցն է, որտեղ էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված դասերն են անցկացվում, ներկայումս ընթանում է իրավաբանական գործընթաց, որպեսզի ճիշտ ձևով կառույցը տեղափոխվի կրթության և գիտության բալանսի վրա, հետո նոր իրավունք կընձեռվի նորոգում իրականացնելու, իսկ մինչ այդ ոչ մի ձևով ձեռք տալու իրավունք չունեն»:
Գայանե Ակոջյան