Վարևանի կամուրջը ծառայում է երեք գյուղի բնակիչների համար, այն գտնվում է վթարային վիճակում: Այս տարի կամրջի վերանորոգում չի նախատեսված։

Ախալքալաքի շրջանի Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերի բնակիչներն անցնում են Վարևանի կամրջով: Այն երկար տարիների պատմություն ունի, կառուցվել է 1968 թվականին և մինչև հիմա չի վերանորոգվել։ Կամուրջի կողքի ճաղաշարի սյուները շարքից դուրս են եկել։

2017 թ.-ի դեկտեմբերի 27-ին անցկացվեց Սակրեբուլոյի լիագումար նիստ, որի օրակարգային հարցը 2018 թվականի բյուջեի հաստատումն էր, այդ ժամանակ ձայնի իրավունք խնդրեց Ալաստան-Վարևան գյուղերի պատգամավորը և բարձրացրեց Վարևանի կամրջի հիմքի ամրացման հարցը։ Սակայն այս տարվա բյուջեում կամրջի վերանորոգումը դեռ չի նախատեսված:

varevan most 3

Վարևան գյուղի մասնագետ Միշա Ստեփանյանի խոսքերով նրանց հիմնական նպատակը կամրջի ճաղաշարի բարեկարգումն է։

«Իհարկե գյուղում էլի խնդիրներ կան, սակայն ցանկալի է, որպեսզի կամուրջը նույնպես վերանորոգվի, քանի որ կառուցումից մինչ այսօր գործում է և վերանորոգման չի ենթարկվել, կարևոր է, որպեսզի գոնե կողքի ճաղաշարի սյուները տեղադրվեն, անվտանգության համար», – ասաց Միշա Ստեփանյանը։

varevan most 2

Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասում է, որ Վարևանի կամրջի վերանորոգումը դեռ ծրագրերում ներառված չէ:

«Ներկա պահի դրությամբ ունենք մի կամուրջ, դա՝ Խորենիա գյուղի կամուրջն է, մոտավոր 65 մետր երկարությամբ, որի համար հատկացված է մոտավոր 40 000 լարի։ Այն մի անգամ վերանորոգվել է, սակայն սյուները քայքայվել են, և դա պետք է հիմքից փոխել», – ասում է նա։

Թե ինչ ընթացք կունենա Վարևան գյուղի կամրջի վերանորոգման հարցը, մեր լրատվական կայքը ուշի-ուշով կհետևի և կներկայացնի իր ընթերցողին։

Գայանե Ակոջյան