Առևտուրը Ախալքալաքի մեծածախ և մանրածախ խանութներում արթնանում է ամանորյա փոքր հանգստից հետո, շատ խանութներում դարակները մաքրվել են մթերքներից, սակայն խանութների ընդհանուր մաքրությունը և ապրանքի դասավորվածությունը մնացել է նույնը:
Jnews.ge լրատվականի լրագրողները ուսումնասիրել են Ախալքալաքի 5 մեծածախ և մանրածախ խանութներում տիրող իրավիճակը և հարցում են անցկացրել քաղաքի փողոցներում այդ իրավիճակի մասին ժողովրդի կարծիքն իմանալու նպատակով։
Ախալքալաքում հիմնականում մարդիկ գնումներ են կատարում մեծածախ և մանրածախ առևտրի կետերից։
Շրջելով խանութներում նկատեցինք, որ Ամանորից 8 օր անց խանութները նոր էին ստանում ապրանք, կային նաև այնպիսի խանութներ, որտեղ սանիտարական նորմերը պաշտպանված չէին։
Հարցման ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ, սակայն հիմնական շեշտը դրվում էր ապրանքի գների վրա, մարդկանց մեծ մասը առաջնային է համարում ապրանքի գինը։
“Ես գյուղացի մարդ եմ, ինձ համար կարևորը գինն է, ինձ չի հետաքրքրում խանութը մաքուր է թե չէ, ես այդ պահին մտնում առևտուրս անում ու դուրս եմ գալիս, մաքրության մասին պետք է տերը հոգ տանի”, – ասաց բնակիչներից մեկը։
Հարկ է նշել, քանի որ բնակչությանը հիմնականում հետաքրքրում է գինը, նրանք անգամ նկատում են չնչին փոփոխությունները, օրինակ, որ նույն ապրանքատեսակն տարբեր խանութներում տարբեր գնի տակ է ներկայացված։
Վարևան գյուղի բնակիչներից մեկը նշեց․ “Ես միշտ առևտուր եմ անում մեծածախ առևտրի կենտրոններից և մեծ ուշադրություն դարձնում գներին, խանութներում, որտեղ Ամանորից առաջ գները նվազել էին, հիմա ճիշտ հակառակն է, հասարակ մաստակն անգամ 0,5 թեթրիով թանկացել է”։
Մեր ուշադրությունը գրավեց նաև ապրանքների ժամկետը, քանզի մեկ անգամ չէ, որ գնորդները նշել են ժամկետնանց ապրանքների մասին։ Զարմանալի էր, որ հարցման ենթարկված անցորդների մեծամասնությունը նշում էր, որ ուշադիր է ապրանքի ժամկետներին: Հարկ է նշել, որ նախկինում ունեցած մեր հարցումների ժամանակ մարդիկ հիմնականում ասում էին, որ չեն հետաքրքրվում ժամկետներով:
“Մեկ անգամ մի խանութից առևտուր էի կատարում և նկատեցի, որ իմ գնած ապրանքի ժամկետն անցած էր, այդ մասին տեղեկացրի աշխատողին և նա ներողություն խնդրեց և փոխեց այն նորով։ Այդ դեպքից հետո միշտ ուշադիր եմ ապրանքների ժամկետին”, – ասաց մեկ այլ բնակիչ։
Մեր լրագրողները չնկատեցին ժամկետն անց ապրանքներ, կա՞մ ամբողջովին վաճառվել է Ամանորի նախաշեմին, կա՞մ էլ չի եղել։
Բնակչությունը դժգոհություն հայտնեց նաև առևտրի կենտրոնների սպասարկումից։ Որոշ խանութներում աշխատողը բարեհամբյուր չէ և ուշադրություն չի դարձնում, կամ շատ դանդաղ է աշխատում:
Հարցման մասնակիցներից մեկը նշեց մի դեպք․ “Մի խանութում այնքան ժամանակ կանգնեցի, որ քունս տանում էր, իսկ երբ աշխատողին խնդրեցի արագացնել, նա ինձ ուշադրություն չդարձրեց, չնայած, որ արդեն հերթ էր գոյացել”:
Բարձրաձայնելով առևտրի կենտրոններում տիրող իրավիճակի մասին, բնակչության մի մասը հույս հայտնեց, որ գոյություն ունեցող խնդիրները նույնպես կլուծվեն։
Գայանե Ակոջյան