2018 թ.-ին ավտոմեքենաների տեխզննումը հետզհետե կդառնա պարտադիր, չնայած Ախալքալաքում գիտեն այս փոփոխության մասին, բայց չգիտեն, թե կոնկրետ ինչ զննում են անցնելու և որտեղ:
2018 թ.-ի հունվարի 1-ից պարբերական տեխնիկական ստուգումը պարտադիր է լինելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց քաշը գերազանցում է 3,5 տոննան և 8 կամ ավելի մարդատար տեղ ունեն: Տեխզննումը նրանց համար մինչ այս էլ էր պարտադիր, սակայն 2018 թ.-ից այն կլինի ավելի մանրամասն, նաև կավելանա տուգանքների չափը, եթե տեխզննման վկայական չկա։
Հուլիսի 1-ից տեխնիկական գործընթացը կդառնա պարտադիր այն մարդատար տրանսպորտային միջոցների համար, որոնք պատկանում են իրավաբանական անձանց, ինչպես նաև ավտոմեքենաների, որոնք պատկանում են պետությանը:
Հոկտեմբերի 1-ից նորամուծությունը կվերաբերի այն մարդատար տրանսպորտային միջոցներին, որոնց շարժիչի ծավալը գերազանցում է երեք խորանարդ սանտիմետրը:
2019 թ.-ի հունվարի 1-ից տեխզննումը կդառնա պարտադիր բոլոր մեքենաների համար:
Շատ վարորդներ Ախալքալաքում տեղյակ չեն նորամուծությունների մասին, շատերը ոչ լիովին են տեղեկացված: Մեծամասնությունը դժգոհ է, քանի որ տեխզննումը համարում է ավելորդ ժամանակի և ֆինանսների ծախս: Սակայն կան վարորդներ, որոնք դրական են գնահատում:
Արտյուշ Կիրակոսյանը, ով 1982 թ.-ից վարորդական իրավունք ունի և հետզհետե ավելացրել է վարորդական իրավունքի կարգերը, արդեն 17 տարի է պարբերական ուղևորափոխադրումներ է իրականացնում: Նա էլ այնքան էլ լավ տեղեկացված չէ օրենքի փոփոխությունների մասին, բայց դրական է տրամադրված:
«Իմ կարծիքով միայն 20%-ը կկարողանա անցնել տեխզննումը մեր տարածաշրջանի մաշտաբով։ 80-90 լարի ես մուծում եմ, որ տեխզննում անցնեմ, մեքենան եմ սարքում, որպեսզի մարդ տեղափոխեմ, իսկ այն մեքենաները, որոնք անսարք իրավիճակում են՝ թող չերթևեկեն ու օդը չկեղտոտեն, ճանապարհին խթանում չստեղծեն: Այնքան շատ մեքենաներ կան, որոնք անսարքության պատճառով խանգարում են երթևեկությանը, մեկի արգելակները չեն աշխատում, մեկը գիշերային երթևեկության լույսերը չունի և այլն», – ասում է Արտյուշ Կիրակոսյանը:
Պարտադիր տեխզննման ենթակա չեն մոպեդները, այն ավտոտրանսպորտային միջոցները, որոնց արագությունը չի գերազանցում 25 կմ/ժ-ը, ինչպես նաև գցանքները, որոնց քաշը տատանվում է 750 կգ-ից մինչև 3,5 տոննա։
Թեթև ավտոմեքենաների սեփականատերերը պետք է վճարեն 60 լարի տեխնիկական սպասարկման համար, սակայն բեռնատար ավտոմեքենաների համար դա կարժենա 100 լարի։
Եթե ավտոմեքենան արտադրված է չորս տարվա ընթացքում, ապա ազատվում է տեխզննումից, իսկ այն ավտոմեքենաները, որոնք 4-6 տարի առաջ են արտադրվել, պետք է անցնեն տեխզննումը երկու տարին մեկ։
Բոլոր մեքենաների համար պետք է կազմվի ժամանակացույց, ըստ որի բոլոր մեքենաները պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայանան տեխզննման կենտրոն։
Ըստ “Ճանապարհային երթևեկության մասին” օրենքի փոփոխությունների, պարտադիր պարբերական տեխզննման ենթակա է այն տրանսպորտային միջոցը, որը գտնվում է շահագործման մեջ միայն Վրաստանի տարածքում հաշվառված կանոններով, վրացական օրենսդրությամբ։
Այս պահին Վրաստանում գործում է 37 գիծ տեխզննման համար, մոտակա ժամանակներում ևս 70 գիծ կավելանա Վրաստանի շրջաններում։
Կգործի, թե չէ տեխզննման կետ Ախալքալաքում, փորձեցինք պարզել Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից, մեզ հայտնեցին, որ դեռ հայտնի չէ, երբ և որտեղ կլինի։
Հիշեցնենք, որ Վրաստանում պարտադիր տեխզննումը դադարեցվել էր 2004 թ.-ին Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք, այդ ժամանակ որոշում են կայացվել բարձր կոռուպցիոն բարձր ռիսկերի պատճառով։
Ժորա Կարապետյան