Դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի պաշտոնական ընդունելությունը:
Հրավիրված էին Թբիլիսիից և երկրի տարբեր շրջաններից Վրաստանի հայեր: Հանդիպմանը ներկա էին ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ռուբեն Սադոյանն իր ելույթն սկսեց բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի եղբայրական հարաբերությունները: Այս երկու երկրների ամուր կապը բացատրելով պատմա-մշակութային և աշխարհագրական հանգամանքներով, ասաց որ ջերմ հարաբերություններում Վրաստանի հայ համայնքը մեծագույն ներդրումն ունի և, որ այն երկու պետության միմյանց կապող կարևորագույն օղակներից մեկն է։
«Անչափ ուրախ եմ հայրենիքի սահմաններից դուրս այսքան հայրենակիցներ մեկ տանիքի տակ ժողովված տեսնելու համար։ Ձեզ տեսնելով ես ինձ ավելի ուժեղ ու ապահով եմ զգում: Հասկանում եմ, որ ես այստեղ ունեմ ամուր թիկունք, իսկ իմ ՀՀ դեսպանի պարագայում, դա շատ կարևոր է», – ասաց Ռուբեն Սադոյանը:
Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում կնպաստի Վրաստանում հայերի միասնությանը և համայնքի մշակութային զարգացմանը:
Դեսպանի կարճ ելույթից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն: Հանդիպումը անցավ ոչ պաշտոնական, ջերմ մթնոլորտում: