Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցի բնակարաններից մեկում գիշերվանից անցկացվում է հակաահաբեկչական հատուկ գործողություն: Շենքի բնակիչները էվակուացված են: Կա մեկ ձերբակալված և մեկ վիրավոր հատուկ ջոկատայիններից:
Հատուկ գործողության վայրում ոստիկանությունը մերձակա տարածքը սահմանազատել է դեղին ժապավենով և այնտեղ մուտք գործելու իրավունք ոչ ոքի չի թույլատրվում:
Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողություն է անցկացնում Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական վարչությունը:
Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, անձինք, որոնց ձերբակալման գործողությունն է ընթանում, հատուկ ստորաբաժանման ուղղությամբ կրակ են բացել:
ՊԱԾ-ում հայտարարում են, որ հատուկ գործողության մերձակա տարածքում բնակվող մարդկանց անվտանգությունն ապահովված է:
Քիչ առաջ պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է մի մարդ:
Այս մասին այսօր անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է պետական անվտանգության ծառայության մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:
Նրա խոսքով, նախնական տեղեկությամբ, նշված անձինք Վրաստանի քաղաքացիներ չեն և ահաբեկչական խմբավորման անդամներ են:
«Ժամեր շարունակ, պետական անվտանգության հակաահաբեկչական վարչությունը գործողության սկզբնական փուլում վարում էր բանակցություններ նրանց հետ՝ իրավապահներին հանձնվելու առիթով, որից հրաժարվել են: Հանցավոր խմբի անդամները ավտոմատ հրազենից կրակ են բացել և նռնակներ նետել: Հրաձգության արդյունքում վիրավորվել է պետական անվտանգության ծառայության հատուկ օպերատիվ վարչության մեկ աշխատակից: Այս պահին պարզվում է նշված անձանց ինքնությունը»,- հայտարարել է Գիորգոբիանին: