Խոզապինի լիճը գտնվում է Կարծախ գյուղում և ընդգրկված է Ջավախքի ազգային պարկի տարածքում, բայց դա չի խանգարում, որ Վրաստանի տարբեր շրջաններից սիրողական ձկնորսները լիճ գան ձկնորսության: Սակայն, վերջերս լճում ձուկը քչացել է:
Կեսօր էր, արևը լուսապայծառ շողշողում էր, լճի ափին կանգնած էր 8 մեքենա, շուրջբոլորը լռություն էր, միայն ձկնորսները ձկնորսական փայտով հանգիստ նստած էին լճի ափին: Մոտենալով նրանց, պարզում ենք, որ այդ օրը բոլորը դժգոհ են, քանի որ ձուկ չեն կարողացել որսալ:
Սիրողական ձկնորսները ձկնորսության համար այստեղ են գալիս Վրաստանի տարբեր շրջաններից: Քանի որ լիճն ընդգրկված է Ազգային պարկի տարածքում, ձկնորսությունը վճարովի է՝ տեղացիների համար 5 լարի, եկվորների համար` 10 լարի: Լճում ձկնորսության սեզոնը սկսվում է մայիսից և տևում է մինչև հոկտեմբեր:
Փոքր Գոնդուրա գյուղից Հովհաննես Նազարյանը դեռ մանկուց զբաղվում է ձկնորսությամբ, նրան դուր է գալիս այս զբաղմունքը, բայց այս անգամ ձկնորսությունն անհաջող է:
«Արդեն երրորդ անգամն է ես գալիս եմ այստեղ, այս տարի ձկները քիչ են, ես նախկինում շատ ձուկ էի բռնում, մինչև 40-50 ձուկ: Այսօր մենք բռնել ենք 3 կգ ձուկ, իսկ ծախսել ենք 10 կգ-ի գումար: Ես չեմ վաճառում, ձկնորսությունն ինձ համար պարզապես հաճույք է: Այսօր առավոտյան ժամը 5-ից այստեղ եմ, բայց միայն 5 ձուկ եմ բռնել: Մեկ ժամից կգնամ, այսօր ձկի օր չէ », – կիսվում է Հովհաննես Նազարյանը:
Խոզապինի լճում ձուկ բռնում են միայն ձկան փայտով: Լճում հիմնականում բռնում են կարաս, չնայած որ այնտեղ կա նաև լոսդի (ռյաբուշկա) և սազան: Լճում կան նաև խեցգետիններ: Ըստ ձկնորսների, Խոզապինի լճի կարասն ավելի համեղ է, քան խանութում վաճառվող իշխանը:
Թբիլիսիից եկած մի ձկնորս նույնպես դժգոհ է իր որսից:
«Ես երրորդ անգամն եմ գալիս այստեղ և չեմ կարող ոչ մի ձուկ բռնել: Իմ ընկերներն այստեղ էին եղել և խորհուրդ տվեցին գալ: Նրանք շատ էին բռնել», – ասում է նա և կատակով ավելացնում, «ես համառ եմ, մինչև չբռնեմ, չեմ հեռանա այստեղից »:
Թբիլիսիից սիրողական ձկնորս Լևան Շեմեշը նույնպես շատ դժգոհ էր, որ չէր կարողացել ձուկ որսալ:
«Ես եկել եմ առաջին և վերջին անգամ: Բնությունը շատ լավն է, օդը մաքուր, բայց դա հոգիս չի տաքացնում: Նախ՝ ես ոչ մի ձուկ չեմ բռնել, և երկրորդ, մենք չգիտեինք, որ այստեղ տարրական պայմաններ չկան », – ասում է Լևան Շեմեշը:
Վաչիկը թոռան հետ եկել է Թբիլիսիից: Նրա հիմնական նպատակը թոռնիկին Ջավախքի շրջանի հետ ծանոթացնելն է և սովորեցնել նրան սիրել բնությունը: Նրա խոսքերով, նա դժգոհ չի լինի, եթե նույնիսկ առանց ձուկ գնա, ամենակարևորը, ասում է նա, այն է, որ ինքն ու իր թոռնիկը մեծ բավականություն են ստացել:
«Ձուկ չկա, առավոտից նստած ենք: Մենք հաճույքի համար ենք եկել: Սովորաբար ես գնում եմ Ծալկա, բայց այս անգամ որոշեցի գալ այստեղ: Ինձ համար շատ հեռու է, նույնիսկ եթե շատ ձուկ բռնեմ, միևնույն է, 250 կմ-ն ինձ համար շատ հեռու է: Ամեն անգամ ես այսքան չեմ կարող գալ», – ասում է Վաչիկը:
Ազգային պարկի անտառապահ Թամազ Կարապետյանի խոսքերով, առաջ Խոզապինի լիճ շատ մարդիկ էին գալիս ձկնորսության: «Վերջին տարիներին քիչ ձկնորսներ են գալիս, հավանաբար, ձուկը քչացել է դրանից է », – ասում է Թամազ Կարապետյանը:
Կարծախ լիճը բաժանվում է երկու մասի, կեսը` Վրաստանում է, իսկ մյուս կեսը` Թուրքիայում: Վրաստանում լիճը կոչվում է Խոզապինի, իսկ Թուրքիայում` Աքթաշ:
Լիճը գտնվում է Կարծախ գյուղի մոտակայքում և ընդգրկված է Ջավախքի ազգային պարկի պահպանվող տարածքներում: