Իր սաների հաջողությունների շնորհիվ Ախալքալաքի երաժշտական դպրոցը Վրաստանում հայտնի է դառնում, այն հպարտության առիթ է դպրոցի կոլեկտիվի և, առհասարակ, քաղաքի բնակիչների համար, բայց դպրոցի խնդիրները դրանից չեն քչանում:
Ախալքալաքի երաժշտական դպրոցը բացվել է 50-ականների սկզբին և մեծ ժողովրդականություն էր վայելում բնակչության շրջանում։ Սակայն հետո դպրոցը դժվար ժամանակներ ապրեց, ինչպես և բոլոր հաստատությունները։ Դպրոցը կարողացավ դիմանալ և գոյատևել: Այժմ այն հայտնի է դարձել Վրաստանում, և ոչ միայն տաղանդավոր աշակերտների հաջողությունների շնորհիվ։
«Ախալքալաքի համար սա մեծ ձեռքբերում է, ատոմային ռումբի պայթյունի է նման: Մենք այդպիսի հաջողություններ չունեինք, ոչ թե աշակերտներ չունեինք, այլ այսպիսի հնարավորություններ չունեինք, ինչպես հիմա»,- ասում է Սվետլանա Կարոյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենը։
Երաժշտական դպրոց կարելի է ընդունվել 6 տարեկանից, ուսումը տեւում է 6 տարի։ Այս տարի երաժշտական դպրոցի սաների թիվն ավելացել է, ընդհանուր առմամբ դպրոցում սովորում է 163 աշակերտ։ Սվետլանա Կարոյանն ուրախ է այս առթիվ:
«Բոլորն ուզում են նվագել Անաիդոչկայի և Արսենչիկի պես, նրանք լավ օրինակ են, սա լավ խթան է, այդպես էլ պետք է լինի։ Ես գոհ եմ, մեզ արդեն պրոֆեսիոնալ մակարդակով ճանաչեցին»,- հպարտությամբ նշում է նա։
Սակայն դպրոցը վերանորոգման կարիք ունի և ուսուցիչների ևս։
«Մենք ակորդեոնի խումբ ունեինք, բայց փակվեց, կիթառ էլ չկա, բայց հաճախ են հարցնում: Մենք մեկ-մեկ խնդրում ենք Արմեն Երիցյանին (կիթառահար) մեզ օգնի, բայց նա մեր գործընկերը չէ, ուղղակի համերգներին է օգնում»,- ասում է երաժշտական դպրոցի տնօրենը:
Դպրոցի ուսուցչական կազմը չի համալրվում երիտասարդ մասնագետներով:
Բացի այդ, դպրոցը վերանորոգման կարիք ունի՝ հիմնական մասի թարմացման, որտեղ գտնվում են դասասենյակները, շենքի հետնամասի ամրացման ու հիմնանորոգման, որտեղ գտնվում է գրադարանը։
Դպրոցում երաժշտական գործիքների առումով դժգոհություններ չկան: Երաժշտական դպրոցի ուսուցչուհի Լյուսյա Չոբանյանը մի քանի տարի առաջ ԵՄ ENPARD-2 ծրագրով մասնակցել է LAG (Տեղական զարգացման խումբ) մրցույթին և շահել երաժշտական գործիքների գնման դրամաշնորհ։ Ծրագրի գումարը կազմում էր 30 000 լարի։ Գումարի 35%-ը վճարել է տեղական իշխանությունը։
Դրամաշնորհի գումարով ձեռք է բերվել 5 սինթեզատոր, 1 դաշնամուր, 9 աթոռ, ինտերնետին միացվող գրատախտակ։ Տնօրեն Սվետլանա Կարոյանը շատ գոհ է, քանի որ գործիքներն անհրաժեշտ էին դպրոցին։
Այժմ երաժշտական դպրոցում սարքին վիճակում կա 13 դաշնամուր։