Այսօր՝ հունիսի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյին կից Գենդերային խորհուրդը հերթական անգամ նիստ է գումարել, սակայն ոչ թե ինչպես միշտ՝ գրասենյակում, այլ Աղմաշենեբելի փողոցի պուրակում՝ բաց երկնքի տակ։ Հանդիպմանը հրավիրված էին նաև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն է համաձայնեցնել և քաղաքապետարանին առաջարկել անուն շնորհել այս պուրակին։
Աղմաշենեբելի փողոցի հրապարակը կառուցվել է 2019թ.-ին: LAG-ի և տեղական իշխանությունների համատեղ ծրագիրն իրականացվել է 75000 լարիով։ Պուրակը մինչ օրս անուն չունի։ Սակրեբուլոյին առընթեր Գենդերային խորհուրդը հանդես է եկել պուրակի անվանակոչման տարբերակներ առաջարկելու նախաձեռնությամբ, որոնք այս պահին հրապարակայնորեն չեն հայտարարվում։
Ինչ վերաբերում է Գենդերային խորհրդի գործունեությանը, որը կրկին անգամ գումարվել էր 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, ապա այն վերջին շրջանում ակտիվությու է ցուցաբերում։
«Խորհրդի կազմը հաստատվելուց հետո մենք հավանություն տվեցինք քաղաքապետարանի կողմից ներկայացված քառամյա ռազմավարությանը, որից հետո երկամյա աշխատանքային պլանը: Այս ծրագրի շրջանակներում առաջին միջոցառումն անցկացրեցինք Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ։ Հաջորդը, ըստ պլանի, ունենք հայտնի կանանց հաջողության բացահայտումը, լուսաբանումը և այս կանանց արժանի ներկայացնելը, ովքեր կարևոր և նշանակալի դեր են խաղացել մեր մունիցիպալիտետի կյանքում, դրա զարգացման գործում։ Մենք ցանկանում ենք բազմազան դարձնել մեր աշխատանքը՝ նոր ոճով, քանի որ ունենք շատ երիտասարդներ՝ նոր եռանդով, աշխատասիրությամբ»,- ասում է Սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանը։