«Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի» և էստոնական «Kodanikukoolitus» կազմակերպությունները համատեղ աշխատում են Ախալքալաքում կանանց և երեխաների համար խորհրդատվական կենտրոնի բացման ուղղությամբ:
Մարտի 6-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան «Խորհրդատվական կենտրոնի ստեղծում կանանց և երեխաներին օգնելու համար» նախագծի շրջանակներում:
Կլոր սեղանին հրավիրված էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր՝ Ալեքսան Թորոյանը, Սամցխե-Ջավախքի պրոբացիայի բյուրոյի Ախալքալաքի ներկայացուցիչ՝ Սաշա Վախտանգիշվիլին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային ներկայացուցիչ՝ Արմեն Մարանգոզյանը, որոշ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ և Ախալքալաքի ակտիվ բնակիչներ:
Էստոնական կողմի ներկայացուցիչ՝ Իրինա Օլեյնիչն ասում է, որ նրանք կարող են միայն օգնել:
– ”Մենք ունենք տարբեր սովորույթներ, տարբեր ավանդույթներ, տարբեր լեզու: Ձեր մոտ տեղական մակարդակով գույություն ունի ձեր ավանդույթները, ձեր մշակույթը, որը անհրաժեշտ է պահպանել: Եվ այդ ամենը միայն դուք կարող եք անել: Մենք կարող ենք ցույց տալ, թե ինչպես ենք մենք անում, ինչ-որ բան խորհուրդ տալ, սակայն միայն դուք կարող եք որոշել, թե ինչպես անել, ինչպես է ձեզ հարմար և օգտակար, և թե ինչն է ձեզ համապատասխանում”, – ասաց նա:
Կլոր սեղանին ներկա գտնվողները արտահայտեցին իրենց կարծիքը, առաջարկությունները խորհրդատվական կենտրոնի բացման շուրջ և խոստացան ամեն կերպ օգնել:
Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի տնօրեն՝ Ալեքսան Թորոյանը հավանություն տվեց այդ մտքին և խոստացավ աջակցել:
– ”Իրոք, նախագծի պահանջարկը կա, ժամանակը դա պահանջում է: Իմ աշխատանքի բնույթով, ես անձամբ շատ հաճախ եմ հանդիպել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերի հիմնախնդրին: Ճիշտ է, մեր բնակչության մտածելակերպը թույլ չի տալիս այդ մասին խոսել, բայց երբեմն ստիպված են լինում գալ մեզ մոտ՝ հիվանդանոց: Պարզապես սա կարող է լինել համակարգող մարմին, ուր հնարավորություն կունենան մարդիկ դիմելու”,- ասաց Ալեքսան Թորոյանը:
Ախալքալաքի կողմից ծրագրի ղեկավար, «Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի» կազմակերպության տնօրեն ՝ Նազելի Դեմուրչյանն Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանից խնդրեց խորհրդատվական կենտրոնի համար տարածք հատկացնել:
Համլետ Մովսիսյանը նշեց Ախալքալաքում այդպիսի կենտրոն ունենալու կարևորությունը:
– ”Սկզբում անհրաժեշտ է ներկայացնել նախագիծ, որպեսզի մենք իմանանք, թե ինչով կարող ենք օգնել: Դա անհրաժեշտ է մեր կանանց և երեխաների համար: Մենք կաշխատենք այդ ուղղությամբ: Իմ կարծիքով կարևորը սկսելն է”, – ասաց Համլետ Մովսիսյանը:
Ախալքալաքի №3 վրացական դպրոցի տնօրեն՝ Լեյլա Ճինճարաուլին հայտնեց պատրաստակամություն Կրթության և գիտության նախարարության հետ այդ հարցը համաձայնեցնելուց հետո դպրոցում մեկ սենյակ տրամադրել կենտրոնին:
Բոլոր ներկա գտնվողները կարևորեցին նման կենտրոն ունենալու միտքը և հույս հայտնեցին, որ ցանկության դեպքում տեղական իշխանությունը սենյակ կգտնի կենտրոնի համար:
Շուշան Շիրինյան